Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հարձակվող Ռուսլան Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսլան Կորյանը.
- Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը և ինչպե՞ս է թիմը վերականգնվել նախորդ խաղի պարտությունից հետո:
- Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած էի: Ինչ վերաբերում է վերականգնմանը, ապա կարող եմ ասել, որ ամեն ինչ կերևա վաղը, բայց թիմը մարտական է տրամադրված:
- Ի՞նչ տրամադրություն ունի թիմը Լեհաստանից կրած ջախջախիչ պարտությունից հետո: Հասցրե՞լ եք մոռանալ անհաջողությունը:
- Չեմ կարծում, որ հոգեբանորեն կարելի է այսքան շուտ մոռանալ այդ պարտությունը: Մեզ համար առաջիկա խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:
- Հայաստանը ինչ-որ բանով գերազանցո՞ւմ է Ղազախստանին, թե՞ երկու թիմերը հավասար են:
- Ըստ իս` հավասար թիմերի հակամարտություն է, որտեղ վճռական կլինի նվիրումը և հաղթելու ցանկությունը: Խաղերից ելնելով` հնարավոր է, որ Ղազախստանի որոշ ֆուտբոլիստների ինչ-որ տեղ պակասում է վարպետությունը, բայց ցանկության առումով նրանք խնդիրներ չունեն:
- Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում մե՞ծ առավելություն է Հայաստանի ընտրանու համար:
- Միանշանակ, նա մեր առաջատարն է: Միաժամանակ չի կարելի հույսը դնել միայն նրա վրա: Ֆուտբոլը թիմային խաղ է:
- Խաղը կկայանա արհեստական խաղադաշտում: Ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ընտրանու խաղի վրա:
- Անձամբ ինձ համար դա նորություն չէ, քանի որ այն առաջնությունում, որտեղ ես եմ խաղում, մարզադաշտերի կեսն արհեստական խոտածածկով է:
- Ոչ-ոքին ձեռնտո՞ւ հաշիվ է ձեզ համար:
- Ոչ:
- Ի՞նչ կասեք հայ երկրպագուներին, որոնք հիասթափված են Լեհաստանից կրած պարտությունից:
- Լեհերի հետ խաղից հետո ես արդեն ներողություն եմ խնդրել երկրպագուներից: Հիմա ցանկանում եմ, որ նրանք մեզ շարունակեն աջակցել: Դա շատ կարևոր է մեզ համար: