«Ժամանակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Քննչական կոմիտե, որտեղ ունեցել է բավականին ուշագրավ ելույթ՝ հետաքրքիր շեշտադրումներով, որոնց համախառն գնահատմամբ հնարավոր է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը դեղին քարտ է ցույց տվել Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Սերժ Սարգսյանը բավականին, այսպես ասած, դիվանագիտորեն քողարկված շեշտադրումներով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով դժգոհել է Քննչական կոմիտեի գործունեությունից, նրբորեն ընդգծելով իրավապահ համակարգի աշխատանքի վրա դրա բացասական ազդեցությունը: Սարգսյանը կոչ է արել քննիչներին գործակցել դատախազության և ոստիկանության հետ, ինչով գործնականում Աղվան Հովսեփյանին ակնարկել է, որ նրա գլխավորած կառույցը տեսնում է ընդամենն իրավապահ համակարգի փաթեթում և չնայած Հովսեփյանի այսպես ասած համակարգային ստաժին՝ իշխանության համակարգի համատեքստում, ամենևին չի պատրաստվում նրան տալ առաջնայնություն:
Եվ էլ ավելին, նկատի ունենալով Սարգսյանի մի շարք շեշտադրումներ ոչ միայն դատախազության և ոստիկանության հետ աշխատելու, պատասխանատվությունը դատախազների և դատարանների վրա չբարդելու մասին ակնարկները, այլ նաև վերջին օրերին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած աղմկոտ սպանություններն ու «քրեական ռազբորկաների» բացահայտման մասին խոսքերը, հնարավոր է եզրակացնել, որ նա Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցին կամ ուղղակի Աղվան Հովսեփյանին մեղադրում է իրավապահ համակարգի ընդհանուր անարդյունավետության համար: Այդ առումով իսկապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը որոշեց աղմկոտ սպանություններին և քրեական պատմություններին անդրադառնալ հենց Քննչական կոմիտեում, գործնականում դրա վրա դնելով բացահայտման պատասխանատվությունը: Բանն այն է, որ այդ սպանությունները հանրային մեծ քննադատության սլաք ուղղեցին ոստիկանությանը: Դրանք օբյեկտիվ արձագանք էին, թե նաև քաղաքական, ներգերատեսչական շարժառիթներով պայմանավորված թիրախավորումներ՝ օգտվելով առիթից, իհարկե դժվար է ասել, հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ այլ պատճառներ, բայց հարվածը միարժեք ընկավ ոստիկանության վրա: Ահա այդ իմաստով հատկանշական է, որ Սարգսյանն իր Քննչական կոմիտե այցով և այնտեղ այդ սպանություններին ու «ռազբորկաներին» իրավապահների արձագանքի մասով անդրադարձով փոխեց սլաքը և ոստիկանության վրայից այն տեղափոխեց հենց Քննչական կոմիտեի վրա:
«Կասկածից վեր է, որ այս գործերով պետք է իրականացվի մանրակրկիտ, համակողմանի և անաչառ քննություն՝ կատարվածի բոլոր մանրամասները պարզելու, բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ի վերջո, երկրում օրինականության վիճակը որոշվում է ոչ միայն հանցագործությունների քանակով, այլև դրանք իրավասու մարմինների կողմից բացահայտելու կարողությամբ»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին ցույց է տալիս դեղին քարտն ու գործնականում նրբորեն մեղադրում անգամ «միայնակ խաղի» և իրավապահ համակարգը հանրային ընկալումներում այսպես ասած սաբոտաժի ենթարկելու համար: Գործնականում, Սարգսյանը դրանով մի կողմից թուլացնում է Աղվան Հովսեփյանի ներիշխանական դիրքերը, մյուս կողմից՝ որոշակի քարտ-բլանշ տալիս դատախազությանն ու ոստիկանությանը, այսինքն՝ դատախազ Արթուր Գևորգյանին և ոստիկանապետ Վովա Գասպարյանին:
Ներիշխանական ներկայիս վերադասավորումների և կառավարման նոր համակարգում նոր դասավորության, իշխանության նոր տրամաբանության ու ստատուս-քվոյի պայմաններին իրավապահ համակարգն ադապտացնելը, անկասկած, ռազմավարական խնդիր է, և Սերժ Սարգսյանն այդ առումով գործնականում ընդգծում է թերևս իր առաջնահերթությունն այդ խնդրի մասով: Համենայնդեպս, առայժմ Սարգսյանը հենվելու է դատախազության և ոստիկանության վրա: Դա համակարգային մոտեցում է, թե՞ Սարգսյանը առաջնահերթությունը որոշել է անձնային վերաբերմունքից ելնելով, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի, Արթուր Գևորգյանի և Վովա Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունքով, անվստահությամբ և վստահությամբ, դեռևս պարզ չէ:
Համենայնդեպս, Աղվան Հովսեփյանին ցուցաբերված անվստահությունն ակնառու է, ինչը չի կարող չունենալ համակարգային ազդեցություն անկախ ամեն ինչից, քանի որ Հովսեփյանը Հայաստանի իշխող համակարգի առանցքային ֆիգուրներից է և նրան Սերժ Սարգսյանի մակարդակով գրեթե դիմահար տարբերակով հասցված հարվածն անկասկած հուշում է խորը տրանսֆորմացիաների մասին: Ըստ երևույթին, հաջորդ քայլով Աղվան Հովսեփյանը պետք է այսպես ասած նույն համակարգային մակարդակով հավատարմության և ենթակայության համոզիչ երդում տա Սերժ Սարգսյանին, որևէ ակտով, հակառակ պարագայում՝ հաջորդը կլինի երկրորդ դեղին և ինքնաբերաբար կարմիր քարտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում