Օրեր առաջ ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Ստելլա Կիրիակիդեսը: Նշենք, որ թեկնածուները երկուսն էին՝ Կիպրոսի պատվիրակ Ստելլա Կիրիակիդեսը և լատվիացի պատվիրակ Էմանուելիս Զինգերիսը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դժվարացավ ասել, թե ԵԽԽվ նորընտիր նախագահն ինչ կտա Հայաստանին, սակայն հույս հայտնեց, որ նախկին նախագահի՝ Ագրամունտի նման խիստ կողմնակալ դիրքորոշում չի ունենա: Նա դրական է համարում նորընտիր նախագահի ընտրությունն այնքանով, որ նա չեզոք վերաբերմունք ունի. «Իր պոտենցիալ մրցակից լիտվացին շատ ավելի վատ տարբերակ կլիներ հայկական կողմի համար, մանավանդ, որ նրա համար բավականին ակտիվ աջակցություն էր գնում թուրքերի, ադրբեջանցիների կողմից: Մեզ ձեռնտու էր, որ հաղթեց չեզոք ներկայացուցիչը, իսկ թե որքանով օբյեկետիվ կլինի, ցույց կտա ժամանակը: Դա կախված է ընդհանուր մթնոլորտից՝ ի"նչ մթնոլորտ կլինի ԵԽԽվ-ում, Եվրոպայում, ինչպիսի՞ն կլինեն Եվրոպա-Ռուսաստան փոխհարաբերությունները, կշարունակվի՞ ադրբեջանական լվացքատան արշավը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միանգամից ասել, թե նոր նախագահը մեզ համար դրական կամ բացասական ազդեցություն կունենա՝ դժվար է: 

Հարցին՝ մեզ համար, փաստորեն, նախընտրելի էր Կիպրոսի ներկայացուցի՞չը, արդյո՞ք նախկինում նա հանդես է եկել պրոհայկական դիրքորոշումներով, քաղաքագետը նկատեց՝ գոնե նախկինի նման խիստ հակահայկական դիրքորոշումներով հանդես չի եկել. «Նախկինում մենք ակնհայտ տեսնում էինք, որ Ագրամունտն ուներ որոշակի աջակցություն ադրբեջանցիների կողմից, մինչև որ նա հեռացվեց այն պատճառով, որ ուներ բավականին բացասական տրամադրվածություն և անում էր ընդգծված կողմնակալ քայլեր: Լինելով Իսպանիայի ներկայացուցիչ, նա վատ ֆունկցիա էր կատարում տեղի բնակչության ազգային փոքրամասնության նկատմամբ, պարզ չէ՞ որ այդպիսի մարդը իր արժեհամակարգով, հոգեբանությամբ պետք է ավելի բացասական տրամադրված լիներ հայերի և ղարաբաղցիների նկատմամբ: Մինչդեռ Կիպրոսի ներկայացուցիչը, գոնե հոգեբանական իմաստով, մեզ ավելի հոգեհարազատ է առաջին հայացքից»,- նշեց նա: 

Քանի որ ԵԽԽվ մյուս թեկնածուն բալթյան երկրների ներկայացուցիչ էր, ում ակտիվ աջակցում էին Թուրքիան, Ադրբեջանը, ուստի՝ Բոզոյանը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող էր բացասական տրամադրվեր մեր հանդեպ: 

«ԵԽԽվ նախագահն ազդեցիկ դեմք է, հույս ունենք՝ կլինի ավելի օբյեկտիվ, չեզոք, չասեմ՝ պրոհայկական, բայց գոնե տենդենցիոզ վերաբերմունք չի ունենա մեր նկատամամբ, ինչն արդեն դրական քայլ եմ համարում»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք՝ նախկին նախագահ, ադրբեջանամետ ու սկանդալային գործիչ Պեդրո Ագրամունտը, չսպասելով իր հեռացմանը, ինքը հրաժարական տվեց նստաշրջանի մեկնարկից երկու օր առաջ:

Նշենք, որ քվեարկության արդյունքում իր օգտին գրանցած 132 քվեով ԵԽԽՎ նախագահ ընտրվեց հայաստանյան պատվիրակության նախընտրած թեկնածուն՝ կիպրոսցի Ստելլա Կիրիակիդեսը: Մյուս թեկնածուն հավաքեց 84 քվե: 

Սոնա Հարությունյան