SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 54-ամյա Նաիրի Դանիելյանը և հայտնել, որ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 10։30-ի սահմաններում համագյուղացի, 55-ամյա Զոյա Մարտիրոսյանը իրեն, իր ընկերներին թունավորելու նպատակով դեղին գույնի իրեն անհայտ ծագման փոշենման զանգված է շաղ տվել Շատին գյուղի 3-րդ փողոցի 6–րդ փակուղու բնակիչ, 30-ամյա Մուրադ Հովհաննիսյանին պատկանող խանութի հարակից տարածքում։

Ինչպես հայտնում է աղբյուրը, Ն. Դանիելյանը հայտնել է, որ դրա հետևանքով ինքը դեմքի շրջանում այրոցներ է զգում և ունեցել է սրտխառնոց ու հազ, սակայն բուժօգնության չի դիմել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր փոշենման զանգվածը հավաքել և փաթեթավորել են։ Այն ուղարկվելու է փորձաքննության։

Ըստ տեղեկությունների՝ Ն. Դանիելյանն աշխատում է Շատինի գյուղապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, Զ. Մարտիրոսյանն աշխատում է «Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ Մ. Հովհաննիսյանը անհատ ձեռներեց է։

Փորձաքննության և նախաքննության արդյունքում պարզ կլինի իրականությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: