Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նախկինում զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը, Խարկով քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն վերացնելու փորձ կնախաձեռնեն: «Ես հստակ գիտեմ, որ նրանք կփորձեն ինձնից ազատվել: Նրանք կարող են թևերս ոլորել ու ինձ արտաքսել: Նույնիսկ կարող են սպանել, բայց դա խնդիր չէ, ես դրանից չեմ վախենում»,-Սաակաշվիլիի խոսքը մեջբերում է ria.ru-ն:
Սաակաշվիլին կոչ է արել վաղը՝ հոկտեմբերի 17-ին մասնակցել Գերագույն ռադայի շենքի առաջ կայանալիք ակցիային, որն ուղղված է հակակոռուպցիոն բարեփոխումներին:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից: Սեպտեմբերի 10-ին քաղաքական գործիչը մի խումբ աջակիցների ջանքերով ճեղքել է սահմանն ու Ուկրաինա վերադարձել: Այժմ Սաակաշվիլին մտադիր է պայքարել քաղաքացիության վերականգնման համար: