ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՔԾ-ից, 13.09.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր վարույթ ընդունելու համար որպես պետական տուրք պահանջել է վճարել 3.000.000 ՀՀ դրամ: Քաղաքացին հայտնել է, որ 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում դատավորին վճարել է վերջինիս պահանջած գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետական տուրքը կազմել է 20-30 հազար ՀՀ դրամ: Արդյունքում, ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից ստացել է 3.000.000 ՀՀ դրամ, որից որևէ պետական տուրք չի վճարվել:
Դատավորի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ' հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: