Ուժեղ քամու մասին կանխատեսումների պատճառով Հայաստանի դպրոցներից երեխաներին և մանկարավարժներին տուն ուղարկելը պայմանավորված է զգուշավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկության համաձայն' զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին' այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին' պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները' բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»,-նշում են ՀՀ ԿԳՆ-ից:
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ քամու ուժգնացման վտանգ կա (25-30 մ/վ արագություն) Լոռու, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը մնալ շինությունների ներսում: ԱԻՆ-ի կողմից Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվել:
Հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի բնակիչներից ստացած հեռախոսազանգերից տեղեկացել ենք, որ թե մանկապարտեզներից, թե դպրոցներից աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել' կանխատեսվող «փոթորիկի» վտանգներից խուսափելու համար: