ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում Կառավարությանը քաղաքական կամք դրսեւորել եւ տարբեր հարթակներում շարունակել քննարկումներն ընտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագծի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում:
«Ցանկացած բռնություն՝ լինի դա Հայաստանում, թե այլուր, պետք է դատապարտենք. չի կարող լինել բռնություն, որի համար կարող ենք ասել, որ այո տվյալ պահի համար դա ճիշտ է: Ոչ, այդպիսի բան չկա: Բոլոր կարծիքներն, իհարկե, պետք է հարգել, սակայն որտեղից է գալիս օրենքի դեմ կարծիք ունենալն ու հայտնելը. նրանից, որ օրենքի կենսունակությունը հարցականի տակ է եւ ոչ միայն այս, այլեւ շատ ու շատ այլ օրենքների»,-նշեց նա:
Պատգամավորի դիտարկմամբ՝ սա բավականին զգայուն օրենք է, որովհետեւ այն բոլորին է վերաբերում, բոլորի ընտանիքների ներքին առանձնահատկություններին: «Հայ իրականության մեջ ընտանիքը միակ բջիջն է, որտեղ ընդունված չի եղել, որ ծնողը կամ զավակը գնա, գործ տա մյուսի նկատմամբ: Այսինքն՝ մենք շատ ճիշտ հոգեբանական գնահատականներ պետք տանք սրան, բայց այն, որ բոլորը դեմ են բռնությանը, փաստ է, իսկ օրենքի դեմ լինելը գալիս է նրանից, որ վստահություն չկա, թե ինչպես է իրականացվելու դրա վարչարարությունը: Օրենքը կենսունակ է այն դեպքում, եթե դրա պրակտիկ իրականացման, վարչարարություն անելու օբյեկտիվ եւ պրակտիկ պայմաններ կան»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ նախևառաջ պետք է ունենալ վերջին տարիներին գրանցված ընտանեկան բռնության դեպքերի ճշգրիտ վիճակագրությունը, իմանալ՝ արդյոք նվազել են, թե աճել, եւ ինչ գործոններ են ազդեցություն ունեցել: