Սաուդյան Արաբիան մտադիր է Կարմիր ծովի ափին NEOM ինովացիոն քաղաք կառուցել: Նախագծի արժեքը գնահատվում է 500 մլրդ դոլար, Էր-Ռիյադում բիզնես-կոնֆերանսի ժամանակ պատմել է արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Սա սովորական ձեռնարկատերերի տեղ չէ, սա երազողների տեղ է: Նրանք, ովքեր չեն կարողանում երազել, չպետք է մեզ մոտ գան համագործակցության համար»,- ասել է բեն Սալմանը:
Ներդրումներ կանեն սաուդյան PIF հիմնադրամը, ներդրողներ այլ երկրներից:
NEOM-ի բնակիչները կաշխատեն բարձր որակավորում պահանջող՝ կենսատեխնոլոգիայի, էներգետիկայի, մեդիա-ոլորտներում: Ֆիզիկական ծանր աշխատանքը կանեն ռոբոտները, որոնք, ինչպես սպասվում է, NEOM-ում ավելի շատ կլինեն, քան մարդիկ:
Քաղաքի մակերեսը կգերազանցի 26 000 քկմ-ը, այն կտարածվի նաև Հորդանանի և Եգիպտոսի տարածքներում: