Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ և ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում տեղի ունեցավ ճանաչված սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը:
Ծրագրում բացառապես Կոմիտաս էր: «Նվիրում» խորագիրը կրող համերգին միացել էր նաև Գերմանիայից ժամանած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ով, արմատներով լինելով գյումրեցի, մեծ պատրաստակամությամբ միացել էր նախաձեռնությանը: Համերգի մուտք ազատ էր, եկեղեցու դռները բաց էին բոլորի համար:
Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում ելույթ ունենալը երգչուհու ցանկությունն ու երազանքն է եղել՝ համերգի ավարտին լրագրողների հետ անկեղծացավ աշխարհահռչակ սոպրանոն: «Գյումրու հետ իմ կապն անբացատրելի է, դա իմ մանկությունից է: Մայրս գյումրեցի է. երեխա ժամանակ ամառային արձակուրդներս անցկացրել եմ Գյումրիում, իսկ «Յոթ Վերք» եկեղեցին շատ մեծ խորհուրդ ունի, այդ իսկ պատճառով համերգը հարգանքի տուրք է մեծն Կոմիտասին, նվիրում՝ Գյումրուն և վերադարձ դեպի արմատները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հասմիկ Պապյանը՝ հիշելով այն օրերն ու վայրերը, որոնք կապված են իր մանկության հետ:
«Հիշում եմ Թումանյանի անվան գրադարանը, որտեղից գրքեր էի վերցնում, այգին, ու ընդհանրապես ամեն ինչ՝ գյումրեցիներինիստն ու կացը, շնորհքը, հյուրասիրությունն ու մարդասիրությունը. սրանք արժեքներն են, որոնք մինչև հիմա ուղեկցում են ինձ։ Սա աղոթք էր առԱստված, որով խնդրում եմ հայրենիքին, Գյումրուն ու հայ ժողովրդին ողջամտություն ու լավ ժամանակներ: Ես ուզում եմ, որ իսկապես մի օր գա ու մերժողովուրդն ապրի արժանավայել: Սա աղոթք էր, որ լինի խաղաղություն ու զինվորները ողջ առողջ տուն վերադառնան, սահմաններն էլ լինենանառիկ»,-նշեց Հասմիկ Պապյանը՝ վստահեցնելով, որ համերգը «Յոթ Վերք»-ի ներսում նախևառաջ նվեր է իր համար:
«Յոթ Վերք» եկեղեցու ողջ պատմության ընթացքում առաջին անգամ էր, երբ եկեղեցու գմբեթի տակ համերգային ծրագիր էր, սակայն կոմիտասյան մեղեդիները ու եկեղեցու պատերը «թելադրեցին» ունկնդրին եկեղեցուն վայել պահվածք՝ առանց ծափերի ու «բռավոների»՝ լուռ ու մտախոհ, իսկ երբեմն նույնիսկ այն տպավորությամբ, որ երգչուհու հետ միասին աղոթք առ Աստված հղում էին բոլորը, իսկ վերջին «Հայաստան» կատարումը ստիպեց բոլորին ոտնկայս լսել այն:
«Մեզ համար պատիվ էր ստանձնել այս համերգի կազմակերպչական աշխատանքները, սա ավելին է, քան պարզապես համերգը»,- «Արմենպրես»-ին նշեց ԱՐՏ PR ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով թեմակալ առաջնորդից՝ անմիջական աջակցության ու նախաձեռնության կողքին լինելու համար:
Արմենուհի Մխոյան