Հնդկական Sommelier գինու ամսագիրն անդրադարձել է Հայաստանում գինեգործության՝ դարերի խորքից եկող ավանդույթներին և ներկա միտումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Կանիկա Դհավան սկզբում անդրադարձ է կատարել հայկական գինեգործության պատմությանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գինեգործությունը թվագրվում է դեռ բիբլիական ժամանակներին: Նա մասնավորապես պատմել է, որ «Նոյը մեծ ջրհեղեղից հետո իր տապանով հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, որը հայերի պատմական սարն է»: Հենց Արարատի ստորոտին էլ Նոյը տնկել է խաղողի առաջին տնկիները:
Հեղինակը նշում է, որ հայկական գինեգործության մասին տվյալներ են պահպանվել տարբեր աղբյուրներում, այդ մասին գրել է նաև հին հույն պատմիչ Հերոդոտոսը:
Կանիկա Դհավան պատմում է, որ արդեն 2011 թվականին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները և Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտը Արենիում հայտնաբերել են հնագույն գինեգործության ապացույցները՝ գինու կարասներ, խաղողի որթի մնացորդներ և այլն նմուշներ, որոնք ունեն շուրջ 6100 տարվա պատմություն:
Հեղինակը հայտնում է, որ ներկայում Հայաստանում արտադրվող գինու մեծ մասը պատրաստվում է Արարատյան դաշտավայրում և Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Սյունիքում և Վայոց ձորում: «Այսօր ավելի քան 45 հայկական կազմակերպություն արտադրում են ավելի քան 100 տեսակի գինի տեղական և արտասահմանյան խաղողի տեսակներից: Իսկապես, Հայաստանը կարող է բնութագրվել որպես խաղողագործության երազանք»,- գրել է Կանիկա Դհավան: