Իսլամիստ ծայրահեղականների' Սիրիայի քրիստոնյաների դեմ իրականացրած գործողությունների շրջանում թերևս ամենադաժանը Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումն էր, որը կառուցվել էր 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի Ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական Independent պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Ռոբերտ Ֆիսկը: Մինչև 1841 թվականը թվագրվող եկեղեցական ողջ արխիվը, ներառյալ նաև Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը, այրվել և վերածվել էին մոխիրների: Իսկ եկեղեցում պահվող' ցեղասպանության հայ նահատակների ոսկորները նետվել էին ավերակների կողքի փողոցներ:

 

Հոդվածագիրն ընդգծում է, որ այս սրբապղծությունը մեծ ցավ կառաջացնի ողջ աշխարհում ապրող հայերի սրտերում, և քանի որ շատ սիրիացիներ հավատացած են, որ իսլամիստներին զենք է մատակարաում Թուրքիան, այս կործանումը շատ հայերի կողմից կորակվի որպես 99 տարի առաջ Ցեղասպանություն իրականացրածների ժառանգների կողմից հայերի ոչնչացմանն ուղղված հերթական քայլ: Ֆիսկը գրում է, որ թեպետ Թուրքիան պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, սակայն հարյուրավոր պատմաբաններ, այդ թվում և առաջավոր թուրք ակադեմիկոսներ փաստում են հակառակը:

 

Հեղինակի հետ զրույցում Դեր Զորի շրջանի պատասխանատու հայ քահանա Անդրանիկ Այվազյանը նշել է, որ եկեղեցու կործանումից առաջ իսլամիստներից ստացել է հաղորդագրություն, որտեղ ահաբեկիչները խոստացել են խնայել եկեղեցական արխիվները, եթե վերջինս ճանաչի իրենց որպես Սիրիայի այդ տարածքի օրինական իշխանություն: «Ես հրաժարվեցի, ինչից հետո նրանք ոչնչացրին բոլոր հայկական փաստաթղթերը: Միայն Մուրգադայի սրբավայրից հյուսիս գտնվող շրջանում էր, որ պահպանվել էին Ցեղասպանության զոհերի ոսկորները, և ես դրանք թաղեցի նախքան այնտեղից հեռանալը: Նրանք եկեղե ցին ոչնչացրին այդ հատվածում, և եթե ես կարողանամ հետ գնալ, չգիտեմ' կկարողանա՞մ գտնել այդ ոսկորները»,- նշել է Այվազյանը:

 

Ավելի ուշ նա ստացել էր ԻԼԻՊ-ի դիրքերից արված մի լուսանկար, որտեղ պարզորոշ երևում է, որ եկեղեցու կենտրոնական աշտարակի միայն մի մասն է կանգուն մնացել: Այվազյանը հայտնել է նաև իր անձնական լուրջ կորուստների մասին, որն ունեցել է ապրիլին իսլամիստների կողմից սիրիական Քեսաբ բնակավայրի վրա հարձակման ժամանակ, ինչի արդյունքում ոչնչացվել էին իր արխիվն ու մեծ գրադարանը:

 

Նա Ռոբերտ Ֆիսկին պատմել է նաև այն մասին, թե ինչպես է փորձել կանխել իսլամիստների կողմից հայկական հիվանդանոցի ոչնչացումը, ինչը հաջողությամբ է պսակվել: Ավելի ուշ Այվազյանը ստացել էր նամակ մի իսլամիստ էմիրից, որտեղ վերջինս խոստացել էր պահպանել հայկական գույքն ու ունեցվածքը:

 

«Ամեն տարի ապրիլի 25-ին հազարավոր հայեր հավաքվում են Դեր Զորի իրենց հայկական եկեղեցու մոտ' հիշատակելու իրենց մեկ ու կես միլիոն զոհերին: Զանգվածային կոտորածների 100-րդ տարելիցը կարևոր իրադարձություն էր լինելու Դեր Զորի պատմության մեջ: Ու չնայած սիրիացի զինվորները շարունակում են դիմադրել քաղաքի մի հատվածում, Սիրիայի իշխանությունները խոստացել են իսլամիստներից տարածքները հետ խլելուց հետո վերակառուցել հայկական եկեղեցիները: Դեռևս չնչին հույս կա, որ որոշ հայեր հինգ ամսվա ժամկետում կկարողանան այցելել իրենց եկեղեցու ավերակները: Ինչ վերաբերում է թուրքերին, նրանք կանեն ամենը հայերի հոլոքոսթի նկատմամբ հետաքրքրությունը սպանելու համար հաջորդ տարի' 1915 թվականին դաշնակիցների դեմ Գալիպոլիում տարած հաղթանակը նշելու իրենց արարողությունը կազմակերպելով »,- եզրափակել է հոդվածը հեղինակը: