Հալեպի հայ կաթոլիկների արքեպիսկոպոս Բութրոս Մարայաթին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից իրականացվող վերջին շրջանի գործողությունների առնչությամբ իր մտահոգություններն է փոխանցել Հռոմի Ֆարնցիսկոս պապին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մարայաթին ասել է իտալական La Stampa պարբերականի հետ զրույցում:

 

Արքեպիսկոպոսը մտավախություն է հայտնել, որ Իրաքի եզդիներից և քրիստոնյաներից հետո իսլամիստների հաջորդ թիրախը լինելու են հայերը: Մարայաթին նշել է, որ ավելի քան 500 տարի Հալեպում բնակվող հայերն այժմ բարդ դրության մեջ են հայտնվել: Նա ընդգծել է, որ Հալեպի հայերի մի մասն էլ 1915 թվականի Հայոց ցեղասպանության արդյունքում այստեղ է եկել Կիլիկիայից: Հիշեցնելով, որ նախքան Սիրիայի ներսում ընթացող պատերազմը երկրում բնակվում էր շուրջ 100 հազար հայ' արքեպիսկոպոսը Հռոմի պապին ցավով հայտնել է, որ պատերազմի հետևանքով հայերի կեսը հեռացել է Սիրիայից: Նա նշել է , որ երկիրը գլխավորապես լքել են հարուստները կամ այլ երկրի քաղաքացիություն ունեցող հայերը, իսկ Սիրիայում մնացածները, որպես կանոն, տնտեսապես վատ դրության մեջ են և աղքատ:

 

Հալեպի կաթոլիկ հայերի արքեպիսկոպոսը Ֆրանցիսկոս պապին հայտնել է, որ Սիրիայում մնացած հայերը բավականին վատ վիճակում են գտնվում: Թեպետ կաթոլիկ եկեղեցուն առընթեր միջազգային կազմակերպությունները և «Կարմիր խաչ»-ը զգալի օգնություն են տրամադրում, այդուհանդերձ շատ եկեղեցիներ և կրոնական համայնքին պատկանող շինություններ լրջորեն վնասվել են պատերազմից:

 

«Արդեն չգիտենք, թե որտեղ մնանք: Այստեղ մեծ դրամա կա: Թուրքիայից այստեղ գաղթածներն այժմ վախենում են կրկին Թուրքիա վերադառնալու մտքից: Այս պատճառով էլ Հալեպի փրկության համար հանդիպեցի Հռոմի պապին և նրանից օգնություն խնդրեցի: Չգիտենք, թե ինչ անենք: Հռոմի պապին ասացի, որ մեզ օգնություն չուղարկի, այլ խոսի գերտերությունների հետ զինադադարի կնքման համար»,- իտալական La Stampa պարբերականին ասել է Բութրոս Մարայաթին:

 

Նա հայտնել է, որ Հռոմի պապն իրեն տեղեկացրել է ողջ Մերձավոր Արևելքի վերաբերյալ նման մտահոգություններ ունենալու մասին: Ֆրանցիսկոս պապը խոստացել է Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ ուժերի հետ խոսել մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ: