«Ժամանակ» թերթը գրում է.
«2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է, որ հաջորդ տարի պետք է կրճատվի մոտ 5,5 հազար բյուջետային աշխատող, այսպես ասած՝ օպտիմալացման շրջանակում: Անկասկած է, որ խոսքը վերաբերելու է, այսպես ասած, միջինից ցածր աշխատակիցներին:
Մի կողմից՝ այդ հանգամանքը պետք է որ ողջունելի լիներ, որովհետեւ դա ենթադրում է բյուջետային ծախսի խնայողություն: Մյուս կողմից, սակայն, այդպես է զուտ տեսական տարբերակում, քանի որ գործնականում Հայաստանի պետական բյուջեի խնայողության համար պետք են բոլորովին այլ՝ ոչ թե օպտիմալացման, այլ, այսպես ասած, դատաիրավական քայլեր, քանի որ բյուջեի փողի «արտահոսքը» ոչ թե բյուջետային աշխատակիցների միջինից ցածր շերտի գրպանն է հոսում, այլ հակառակը՝ միջինից բարձր եւ բարձրաստիճան շերտի գրպանը: Հոսելու մեխանիզմներն էլ տարբեր են՝ պետական գնումներից, «ատկատներից» մինչեւ պարզապես յուրացումներ ու չարաշահումներ, կամ ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում՝ «պրիմիտիվ գողություն»:
Բայց այդ պայմաններում գնալ բյուջետային համակարգում միջինից ցածր պաշտոնների ավելի քան 5,5 հազար աշխատակցի կրճատման՝ իբրեւ օպտիմալացում, պարզապես «պրիմիտիվ խնայողություն» է կամ խնայողության մասին «պրիմիտիվ խաբեություն», կամ «ինքնախաբեություն»: Մի խոսքով՝ ամեն ինչ, միայն ոչ կառավարման արդյունավետություն կամ առավել եւս բարեփոխման տնտեսական քաղաքականություն: Եվ հարցը տվյալ դեպքում ամենեւին լոկ սոցիալական խնդիրը չէ, երբ մարդիկ, որոնք ստանում են 80-100 հազար դրամ կամ փոքր-ինչ ավելի աշխատավարձ, հետո դա, ի վերջո, ծախսում են տնտեսության մեջ, եւ գոնե 5 հազարով չի ավելանում ուղղակի հուսահատվողների քանակը, այն դեպքում, երբ հուսավառվածների քանակը չի ավելանում, թերեւս, նույնիսկ 500-ով:
Խնդիրն այն է, որ Հայաստանում կրկին հռչակվում է իրավիճակը փրկելու քաղաքականություն, բայց դարձյալ այդ քաղաքականությունն իրականացվում է այն մարդկանց կամ շերտի հաշվին, որոնք առանց այդ էլ առկա իրավիճակից «տուժողի» կարգավիճակում էին: Հետեւաբար, դա նշանակում է, որ կա՛մ տեղի է ունենում հանցավոր դիտավորություն եւ հանրության դեմ «էլիտայի» հերթական, արդեն «պրիմիտիվ դավադրություն», երբ հասարակության հաշվին փորձ է արվում հաղթահարել ներիշխանական ճգնաժամն ու ռեսուրսների սղության եւ արտաքին անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում գալ օպտիմալ ռեժիմի, կա՛մ էլ պարզապես բարեփոխման հանձնառություն ստանձնած մարդիկ, նրանց մղումների անկեղծության եւ ազնվության կանխավարկածը անվերապահորեն ընդունելով հանդերձ, ուղղակի իրենց պատկերացումների եւ մտավոր կարողությունների մասով ի վիճակի չեն իրականացնել արդյունավետ բարեփոխումներ եւ հերթական անգամ այդ ամենը իրականացնում են ոչ թե հենց իրենց՝ «էլիտայի», այլ առավելապես հասարակության հաշվին:
Համենայնդեպս, առ այսօր Հայաստանում չկա բարեփոխման այդ, այսպես ասած, հակառակ օրինակը, երբ ռեֆորմների գինն «էլիտան» է վճարում, «էլիտայի» որեւէ շերտ, ոչ թե հանրային շերտերից որեւէ մեկը: Իսկ այդ դեպքում պետք է դադարեցնել ռեֆորմները եւ հանուն պետության փոխել կա՛մ ռեֆորմն իրականացնողների պատկերացումը, կա՛մ էլ հենց իրականացնողներին, եթե նրանք չունեն այլ պատկերացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում