Lragir.am. Հակապետական կարգը պետության քողի տակ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս հայտարարել էր, որ զորակոչի ընթացքում կկիրառվի նորամուծություն՝ զորակոչիկների զորամասերի ընտրությունը կկատարվի վիճակահանության տարբերակով: Դրա նպատակը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելն է, որպեսզի բացառվի որեւէ զինակոչիկի փողով այս կամ այն ցանկալի զորամաս ուղարկելը:
Այդուհանդերձ, զորակոչի առումով, Հայաստանում կա մեկ այլ խնդիր, որը կարծես թե այդքան էլ մեծ հանրային նշանակություն չի ստացել, եւ որի լուծման գործում վիճակահանությունն իհարկե անելիք չունի: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում կա արտոնյալ մի խավ, որի որդիների պարագայում խնդիրը ոչ թե նրանց ցանկալի զորամաս գնալուց զերծ պահելն ու բոլորի պես հավասար բաշխելն է, այլ ընդհանրապես բանակ տանելը, զորամաս տանելը կամ տանելուց հետո այնտեղ պահելը:
Պարզ ասած, պետք է լուծել այն մարդկանց հարցը, որոնք պետք է ծառայեն բանակում, բայց կամ խուսափում են, քանի որ ամեն ինչ դասավորում են թղթերով, կամ էլ ֆորմալ առումով ծառայում են, իսկ իրականում հանգստանում եւ զվարճանում քաղաքացիական կյանքում:
Իսկ հարցը կարեւոր է, հատկապես նկատի ունենալով, այն, որ տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունն ավելի է մեծանում: Իսկ այդ դեպքում, առնվազն բարոյահոգեբանական մթնոլորտի տեսանկյունից չափազանց կարեւոր է լինելու, թե պատերազմի ժամանակ որտեղ են լինելու այսպես ասած «էլիտայի» զավակները: Եվ եթե այդ զավակները շարքային քաղաքացիների որդիների պես բանակում չեն, ապա դա չափազանց լուրջ հանգամանք է, որ հիմք է տալիս ասելու՝ այդպիսի իրավիճակում հանրային բարոյահոգեբանական մթնոլորտը բացարձակապես չի կարող նպաստավոր լինել պետության եւ զինված ուժերի մարտունակության համար:
Այդ խնդրին ուշադրություն չի դարձնում ոչ միայն հանրությունն ու քաղաքական շրջանակները, այլ նաեւ իշխանությունը: Ավելին, իշխանությունն առաջ է մղում մեկ այլ, վտանգավոր պրակտիկա՝ իշխանական հիերարխիայում առաջ են գնում, անգամ պաշտպանական ծառայությունների համար ինչ որ պարգեւներ ստանում մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել:
Նրանք ստանում են պետական պաշտոններ, նրանք առաջ են գնում կուսակցական աստիճանակարգով, նրանք արժանանում են անգամ պաշտպանության նախարարության մեդալների կամ պարգեւների, նրանք երկրապահական ինչ որ կոչումների եւ պարգեւների են արժանանում, դառնում են մայրաքաղաքի քաղաքագլուխ կամ մարզպետ:
Պատերազմին զուգահեռ ձեւավորված որեւէ պետության մեջ, որն առավել եւս շարունակում է գտնվել չավարտված պատերազմի պայմաններում, ինչպես նաեւ շատ հավանական նոր պատերազմի շեմին, դա ոչ միայն անոմալ, այլ չափազանց վտանգավոր երեւույթ է եւ հանդիսանում է պետության իրավաբանական ձեւակերպման ներքո հակապետական կարգի գոյության մասին:
Պաշտպանության նախարարությունն այն գերատեսչությունն է, որն ամենից ավելի պետք է շահագրգռված լինի այդ երեւույթի հանրայնացման եւ օրակարգի առաջնային պլանում հայտնվելու հարցում: Դա Հայաստանի պաշտպանվածության եւ մարտունակության հետ անմիջական առնչություն ունեցող կարեւորագույն խնդիր է, ինչպես օրինակ սպառազինությունների համալրումը:
Հակոբ Բադալյան