ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում (200 մլն դոլար): Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: 

Անդրադառնալով Ռուսաստանից ձեռք բերվող զենք-զինամթերքին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նշեց, որ զինամիջոցների թարմացում և ավելացում տեղի է ունենում պարբերաբար, և դա բնական երույթ է. «Դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ զենքերն օգտագործվում են և մաշվածություն են ձեռք բերում: Բանակը մշտապես համալրման, թարմացման խնդիր ունի: Եթե անգամ ռազմական գործողություններ չլինեն, միևնույն է՝ բանակի մարտունակությունը պահելու համար մշտապես զորավարժություններ են անցկացվում, որի ժամանակ զինամիջոցներ են օգտագործվում և զենքերը մաշվածություն են ձեռք բերում կամ ավելի արդյունավետ զենքեր են պետք լինում»,- ասաց նա՝ նկատելով, որ թեև նոր զենքեր գնելը պայմանավորված չէ ապրիլյան դեպքերով, սակայն բնականաբար՝ այդ դեպքերը մտահոգվելու առիթ տվեցին՝ ավելի լավ և նոր զինտեխնիկա ձեռքբերելու առումով:

Փարձագետը, սակայն, տեղյակ չէ, թե ինչ զենքերի մասին է խոսքը և կարծում է՝ պայմանագրով կկարգավորվի, թե զինամթերքի ինչ տեսակներ ու չափաքանակ է ձեռք բերվելու. «Նման պայմանագրերը նաև գաղտնիություն են պարունակում և եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ համապատասխան գերատեսչությունը դրա մասին կասի: Վերջիվերջո, տեղեկատվական դաշտով հակառակորդն է նաև ինֆորմացվում ու քանի որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, կարծում եմ՝ այդ մասին բարձրաձայնելը վաղ է»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ համապատասխան մարմինները զինամիջոցները ձեռք են բերում ըստ անհրաժեշտության:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից զենք-զինամթերք գնելուն, Եղիազարյանը նկատեց, որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, և, բնականաբար, ձեռք բերվող զենքերը կլինեն ռուսական:

Նշենք, որ համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

 

 

Սոնա Հարությունյան