«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Հայաստան մեծ քանակությամբ հերոին ներկրելու հերթական փորձն է արվել, որը, սակայն, բացահայտվել է: Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային բեռնատար ավտոմեքենայի մանրակրկիտ զննության արդյունքում բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 105 կգ հերոին տեսակի թմրանյութ: Առայժմ պարզ չէ՝ հերոինը նախատեսված էր այստեղ վաճառել, թե Հայաստանը, այնուամենայնիվ, օգտագործվում է որպես տարանցիկ երկիր՝ թմրաբիզնեսով զբաղվող անձանց համար. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ:
Երեկ տեղի ունեցածը, սակայն, հիշեցրեց չորս տարվա վաղեմության հայտնի դեպքը, երբ 2013թ դեկտեմբերին կրկին Մեղրիի անցակետով փորձ էր արվել ներկրել 1 տոննա հերոին: Հարուցված քրեական գործով 2015թ. արձակվեց դատավճիռը, եւ 2015թ. հունիսի 6-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատի ցեմենտի գործարանի վառարանում 1 տոննա հերոինը ոչնչացվել էր: Սակայն իրավապահների կողմից այդպես էլ հիմնավոր ապացույցներ չբերվեցին հերոինի ոչնչացման մասին: Ու չիմացվեց՝ իսկապես ոչնչացվե՞ց այն, թե՞ փոխարենը ալյուր լցվեց վառարանների մեջ: Համենայն դեպս, այդ ուղղությամբ կասկածներ կան, առավել եւս, երբ հերոինը թանկարժեք թմրանյութ է:
Նկատենք, որ միջազգային շուկայում 1 կգ հերոինի գինը սկսվում է 15 հազար դոլարից: Եւ դժվար է հավատալ, որ իրապես ոչնչացվել է մեկ տոննա հերոինը: Հետաքրքիր է՝ այս անգամ հայտնաբերված թմրանյութն ի՞նչ ճակատագրի կարժանանա:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: