ՀՀ վերաքննիչ դատարանի 2015թ. մայիսի 20-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հունիսի 6-ին Արարատի ցեմենտի գործարանի վառարանում այրման միջոցով ոչնչացվել է 2014թ. հունվարին Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մոտ մեկուկես տարի առաջ' 2014 թվականի հունվարի 17-ին, Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել է 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչը, ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև տարածաշրջանում:
Մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով, ինչի նկատմամբ դեռևս 2013-ի դեկտեմբերի 27-ից էր հսկողություն սահմանվել Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: Վահրամ Գուրողլյանի խոսքով' հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, ռենտգեն պատկերն ուղարկվել է Նախաբացթողումային հսկողության վարչություն' վերլուծություն և ռիսկային գնահատում կատարելու համար. Համապատասխան վերլուծությունից հետո բեռնատարի պատկերը գնահատվել է ռիսկային և վերցվել հսկողության: Վարչության աշխատանքներին կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր»:
Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկվել է Մեղրիի մաքսակետ, որպեսզի մեքենայի սահմանահատման ժամանակ նույնպես ռենտգեն պատկերների համեմատություն կատարվի: 2013-ի դեկտեմբերի 28-ին փայտանյութ տեղափոխող մեքենան հատել է հայ-իրանական սահմանը, իսկ շուրջ 20 օր հետո' 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում հսկողության վերցված «DAF» մակնիշի բեռնատարն արդեն դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ, որտեղ «Rapiskan» համակարգով կրկին զննման է ենթարկվել և ռենտգեն պատկերը կրկին ուղարկվել Նախաբա ցթողումային հսկողության վարչություն:
«Համադրելով այդ 3 ռենտգեն պատկերները, պարզվել է, որ բեռնատարի կցորդի հատակային մասում իսկապես առկա է օտար մարմին: Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երևան և «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում նախաբացթողումային հսկողության շրջանակում ենթարկել առավել մանրակրկիտ զննության:
Արդյունքում, ինչպես արդեն գիտեք, 2014-ի հունվարի 17-ին՝ ժամը 19-ի սահմաններում, բեռնատարին ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս է բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ»,- տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետը: