«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում օգոստոսի 23-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 61 տոննա 141.4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 77 դ եպք, որից 60-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 292 գրամ մարիխուանա, 1253.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 14 քրեական գործ' 18 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 4 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ) դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք (2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ):
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 հատ կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ):
Տնամերձ 242 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 500 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 13 հատ քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 13 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության 2014թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն' «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 28-ը:
Միջոցառման նպատակն է' հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը: