«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 3-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 80 տոննա 808 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 95 դեպք, որից 72-ը' վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 430 գրամ մարիխուանա, 1247 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 36 քրեական գործ' 46 դրվագով:

 

Բացահայտվել են ձկնգողության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 8 բնակարանային գողության (Տարոնի ՈԲ, Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Հրազդանի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ) դեպքեր:

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք (1 ինքնաշեն ատրճանակ, 2 ՏՈԶ, 1 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 242 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ): Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հրացան, 155 փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ (Մասիսի ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ), 26 փամփուշտ (Թումանյանի ՈԲ):

 

Տնամերձ 275 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 729,3 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 126 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 19 հետախուզվող: