ՀՀ ոստիկանությունն, օգոստոսի 30-ի դրությամբ, «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացրել է 75 տոննա 876 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում' հայտնաբերվել է հանցագործության 89 դեպք, որից 67-ը' վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Արդյունքում' ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 425 գրամ մարիխուանա, 12543.4 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 36 քրեական գործ' 46 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 7 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ' 3) դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք (2 ՏՈԶ, 1 հատ ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 221 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ):
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հրացան, 155 փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ (Մասիսիս ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ):
Տնամերձ 262 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 770 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 125 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 18 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն' «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անցկացվելու է 2014թ. օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 6-ը:
Միջոցառման նպատակն է' հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը: