«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 19-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 47 տոննա 27 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 53 դեպք, որից 46-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 212 գրամ մարիխուանա, 963.4 մլ դեզոմորֆին, 188 սուբուտեքս, 45 տրամադոլ, 4 մորֆին տեսակի թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց:
Հարուցվել է 8 քրեական գործ' 11 դրվագով: Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 2 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ) դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք (2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ): Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ (Տավուշի ՈԲ), 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ (Գորիսի ՈԲ):
Տնամերձ 212 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 162 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 9 քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 9 հետախուզվող (ՀՀ քր. օր.-ի 327 հոդված' 2, 268, 273, 176, 177, 178, 117, 327, ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներ):