«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի տրցակը թեւի տակ Վիգեն Սարգսյանը մտավ ԱԺ, ի սզբանե պարզ էր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղից մինչ այդ ոչ ոք «անվնաս» դուրս չէր եկել՝ ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը. բոլորը գիտեն, որ բանակից տարկետման իրավունքի ինստիտուտին քայլ անգամ մոտ գնալը հղի է լուրջ վտանգով:
Որովհետեւ պարզից էլ պարզ էր, որ այդ դրույթի փոփոխությունը առաջին հերթին ոտքի է հանելու հասարակության մի լայն զանգվածի, որ դա ստիպելու է անդրադառնալ շատ գործիչների կենսագրականներին, որ լինելու են անգամ «դոսյեներով» մենամարտեր, այսինքն, փոխադարձ մեղադրանքներ եւ այսպես շարունակ: Իսկ այդ ամենը ցանկացած քաղաքական գործչի համար մղձավանջ է, քանի որ հայտնի չէ, թե քննարկումներից սեփական հեղինակությանը հասցված ինչպիսի վնասով հնարավոր կլինի դուրս գալ:
Ճիշտ է, Վիգեն Սարգսյանը փորձել էր զինված մոտենալ հարցին՝ տպավորություն ստեղծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, թե ցանկացած հակափաստարկի պատասխանն ունի: Նախարարն անգամ չէր զլացել ու ընդդիմախոսների վերաբերյալ «դոսյեներ» էլ էր արխիվներից հանել: Բայց դա էլ չօգնեց, քանի որ իր կենսագրականից էլ բազմաթիվ դրվագներ հիշեցին, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե որտեղ ու ինչպես է ծառայել անձամբ Վիգեն Սարգսյանը: Իսկ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ստատուսները արդեն վերջին՝ ստուգողական կրակոցներն էին Վիգեն Սարգսյանի հեղինակությանը:
Այս ամենից իշխանական որոշ շրջանակներ, ասում են, շատ գոհ են եւ երջանիկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ շրջանակները գտնում են, որ վաղուց արդեն պետք էր պատռել Վիգեն Սարգսյանի՝ կիրթ, բարեհամբույր, ջանասիրաբար աշխատող ու պրոֆեսիոնալի «դիմակը», ու դրա համար առանձնապես ջանքեր էլ չպահանջվեցին՝ նա ինքնուրույն ամեն ինչ արեց:
Մասնավորապես՝ մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ պաշտպանության նախարարի վրիպումները՝ մամուլի հետ շփումներում, երբ արդեն հանրությանը ներկայացավ մեկ այլ Վիգեն Սարգսյան՝ զոռբայի տեսքով, նրա գնահատականներն ու հնչեցրած մեղադրանքները ընդդիմախոսներին, որոնք ստիպեցին իր կենսագրությանն էլ անդրադառնալ՝ իսկական հաճելի անակնկալ էին իրենց համար: Ու հիմա նրանք վայելում են հետեւանքները:
Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ ակնկալվում էր, որ կրքերը կհանդարտվեն, Ռուզաննա Խաչատրյանը մի նոր ալիք տվեց Վիգեն Սարգսյանի «փչացման» այս ամբողջ ներկայացմանը: Խաչատրյանի ստատուսները լայնորեն տարածվեցին, նոր մեկնաբանությունների, նոր քննարկումների առիթ դարձան, ու դա եղավ մի այնպիսի «ջանասիրությամբ», որ տպավորություն ստեղծվեց, եւ ոչ անհիմն, որ Վիգեն Սարգսյանի դեմ կազմակերպված «դավադրություն» կա:
Նման կասկածներ ունեն նաեւ Վիգեն Սարգսյանի շրջապատում, ովքեր կարծում են, որ այդ ամբողջ աժիոտաժը հենց այնպես չէր: Բայց թե կոնկրետ ո՞ր կողմից են փչում քամիները, նրանք դեռ չեն հասկանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարի շրջապատում կասկածներ կան, որ Վիգեն Սարգսյանի մրցակիցները դիտավորյալ «կրակին յուղ լցրին» եւ ջանք չխնայեցին, որպեսզի Վիգեն Սարգսյանը վերջնականապես վարկաբեկվի: Ընդ որում՝ այստեղ խոսքը ոչ թե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ երրորդ կողմերի մասին է, այլ հենց Սարգսյանի կուսակիցների, թիմակիցների, որոնց ընդհանրապես ձեռնտու չէ, որ Սարգսյանը հանդես գա ուժեղի դիրքերից, քանի որ իշխանական հիերարխիայում իրենց մրցակիցն է:
Իշխանական որոշ շրջանակներում նաեւ չեն բացառում, որ հենց «գերագույն գլխավորն» է «փչացնում» Վիգեն Սարգսյանին, թեեւ վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ, ամենանվիրված ու ամենասիրելի կադրերից մեկը: Իհարկե՝ Սերժ Սարգսյանը բազմիցս է ցույց տվել, որ շատ է սիրում Վիգեն Սարգսյանին, բայց որոշակի պրոֆիլակտիկ, «կանխարգելիչ միջոցառումներ», ամեն դեպքում, պետք է իրականացնի նրա նկատմամբ: Հարցն այն է, որ նախ՝ Վիգեն Սարգսյանը մի քանի անգամ բաց տեքստով ասաց, որ ցանկանում է 2018 թվականի ապրիլից հետո էլ շարունակել պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար: Գաղտնիք չէ, որ ով Հայաստանում վերահսկում է բանակը, նա ունի ամբողջ երկիրը վերահսկելու լրջագույն լծակներ, ու Վիգեն Սարգսյանը սեփական փորձով, վստահաբար, դա արդեն զգացել ու հասկացել է:
Հետո՝ Վիգեն Սարգսյանը սկսեց ՊՆ-ում կամաց-կամաց ուժեղացնել իր դիրքերը՝ ճնշել այնտեղ իրեն դեմ գնացողներին, եւ դա որոշակիոեն ստացվեց: Այդ հարցում լրջագույն խոչընդոտներից մեկը Մովսես Հակոբյանն էր, որի հետ հարաբերությունների ընթացքի մասին մամուլը շատ խոսեց: Ու հենց այդ տեսակետից էլ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր կարող է լինել, եթե Վիգեն Սարգսյանը շատ ուժեղանա: Ո՞վ իմանա, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը, վերջիվերջո յուրաքանչյուր քաղաքական գործիչ հոգու խորքում ցանկանում է լինել երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը, եթե արդեն մտել է քաղաքականություն:
Ու որքան էլ որ Սերժ Սարգսյանը սիրի, հարգի ու ընդունի Վիգեն Սարգսյանին, որքան էլ Վիգեն Սարգսյանը ապացուցած լինի իր հավատարմությունն ու նվիրվածությունն առաջնորդին, նախապես ապահովագրվելը երբեք ավելորդ չէ՝ վերջիվերջո Վիգեն Սարգսյանը զբաղեցում է կարեւորագույն պաշտոն ու արդեն իսկ ղեկավարում է երկրի ուժային գլխավոր կառույցը: Իսկ Սերժ Սարգսյանը սեփական փորձով գիտի, որ Հայաստանում քաղաքական երկրորդ դեմքը հենց նա է, ով ղեկավարում է բանակը: Սեփական փորձից նա այլ դասեր էլ քաղած կլինի, մասնավորապես, թե ինչպես է Պաշտպանության նախարարը հասնում երկրի ղեկավարի աթոռին: Այս առումով Սերժ Սարգսյանին, իհարկե, ընդհանրապես չի խանգարում, որ Վիգեն Սարգսյանը մի թեթեւ թաթախվի խնդիրների մեջ: Հետագայում ինքը կլուծի խնդիրները, իսկ Վիգեն Սարգսյանը՝ վարկաբեկված հեղինակությամբ, կդառնա էլ ավելի վերահսկելի, եւ արդեն երբե՛ք չի մտածի շեֆի «գլխից թռնելու» մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում