«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայ հեղափոխական դաշնակցությունը նախօրեին ուշագրավ տեղեկություն է տարածել Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ համատեղ նիստի եւ ընդունված որոշման մասին՝ ներկայացնելով Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տեսակետների շարադրանքը երկրում առկա իրավիճակի վերաբերյալ: Ի մի բերելով դրանք, դրանցում տեղ գտած ուշագրավ արձանագրումները՝ հիմք կա եզրակացնելու, որ Բյուրոյի եւ ԳՄ համատեղ նիստով ու որոշումով Դաշնակցությունը բավականին նուրբ դժգոհություն է հայտնում կառավարության գործունեության արդյունավետությունից:
Այլ կերպ ասած՝ համատեղ նիստն ու որոշումը հեղափոխական կուսակցության դիվանագիտական ակնարկն է վարչապետին: Օրինակ՝ ՀՅԴ-ն արձանագրում է, որ չնայած կարեւոր են բարեփոխումները, սակայն արդյունավետությունը, բյուրոկրատական որոշումների կայացման պարզեցումը մնում են առաջնային խնդիր: ՀՅԴ-ն արձանագրում է նաեւ. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայամաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետեւանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ»:
Այդ կապակցությամբ Դաշնակցությունը հորդորում է իր նախարարներին առաջնորդվել սոցիալական խնդիրների լուծման եւ սոցիալական արդարության հաստատման գիտակցումով՝ կարծես նրբորեն ակնարկելով, որ կառավարությունն ամբողջությամբ, իբրեւ հավաքական կառույց, այդ ուղենիշերով չէ, որ առաջնորդվում է: Եվ իհարկե՝ ամենաուշագրավը եզրահանգումն ու համատեղ նիստի որոշումն է, որ ՀՅԴ-ն քաղաքական համաձայնության շրջանակում առաջնորդվելու է նախաձեռնողականության եւ ինքնուրույնության գործելաոճով: Ընդհանուր առմամբ, Դաշնակցությունն, իհարկե, կողմ ըլլալով դեմ ըլլալու իր ավանդական գործելաոճի մեջ է, որ դավանում է արդեն մի քանի տարի, իշխանության հետ մերթ միավորվելու, մերթ բաժանվելու վայրիվերումներով, սակայն ինքնին հատկանշական է, որ Դաշնակցությունը հենց այժմ է որոշել հնչեցնել զանգը, եւ հարց է առաջանում, թե ում կամ ինչի համար է այն ղողանջում: Չէ՞ որ առջեւում չկա ընտրական գործընթաց, հետեւաբար՝ ՀՅԴ-ն, թերեւս, կարիք չունի հանրության վրա աշխատել եւ ցույց տալ, որ ինքն էլ գոհ չէ կառավարության գործունեության արդյունքից՝ այդպիսով ընտրական քվե հավաքելու ակնկալիքով:
Միեւնույն ժամանակ, կոալիցիոն համաձայնագրով ՀՅԴ-ն 2018-ին վարչապետ առաջադրելու, այսպես ասած, իրավունքը թողել է ՀՀԿ-ին, ըստ այդմ՝ այստեղ էլ կարծես թե ամեն ինչ պարզ է: Բայց պարզ է, թերեւս, միայն առաջին հայացքից, որովհետեւ Սերժ Սարգսյանի քաղաքական պլանների անորոշությունը սկսել է ինչ-որ առումով նյարդայնացնել նաեւ Դաշնակցությանը, հատկապես, երբ տեղի են ունենում ներիշխանական կամ ներհամակարգային խաչաձեւ բախումներ ու գրոհներ: Համենայնդեպս, Դաշնակցությունը կարծես թե որոշում է հիշեցնել իր մասին՝ այդ խաչաձեւ զարգացումների հորձանուտում չմոռացվելու համար: Մյուս կողմից, իհարկե, չի բացառվում, որ ՀՅԴ-ին ոչ միայն չեն մոռացել, այլ եկել է այն ժամը կամ պահը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը, ունենալով խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, որոշել է կիսել իշխանությունը ՀՅԴ հետ, եւ ինչին այդքան դեմ էին արտահայտվում թե՛ նախորդ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, թե՛ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Թե՛ Աբրահամյանը, թե՛ հետո նաեւ Կարապետյանը հիանալի են հասկանում, որ ՀՀԿ-ՀՅԴ կամ Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիաները հակավարչապետական կոալիցիաներ էին, եւ ներկայումս ՀՅԴ հնչեցրած զանգն արդեն ղողանջում է Կարեն Կարապետյանի համար:
Ի՞նչ է ենթադրում նախաձեռնողականության եւ ինքնուրույնության մասին ՀՅԴ հայտարարությունը, ինչպե՞ս է այն արտահայտվելու, եթե կոնկրետ ՀՅԴ նախարարները կառավարության մաս են եւ գործնականում պարտավոր են ենթարկվել կառավարության ծրագրին ու կառավարության ղեկավարին, այսինքն՝ վարչապետին: Այդ համատեքստում նախաձեռնողականության եւ ինքնուրույնության մասին հայտարարությունն այլ բան չէ, քան ՀՅԴ հայտարարությունը այն մասին, որ կուսակցությունը, հետեւաբար՝ նաեւ նրա նախարարները, այլեւս չեն ենթարկվում վարչապետին:
2018-ին ընդառաջ՝ Կարեն Կարապետյանն այդպիսով հայտնվում է երկու գրոհի արանքում, մի կողմից՝ դրսից, «Ծառուկյան» դաշինքը իր հռետորաբանության կոշտացմամբ եւ նաեւ տոնավաճառների աշխատակիցների բողոքի ցույցով, մյուս կողմից, այսինքն՝ ներսից, ՀՅԴ-ն, ըստ էության, անհնազանդության մասին հայտարարությամբ, ինչպիսին հանդիսանում է քաղաքական համաձայնության մեջ նախաձեռնողական եւ ինքնուրույն գործելաոճի մասին որոշումը:
Այստեղ, ի դեպ, կա բավականին ուշագրավ նրբերանգ՝ նախաձեռնողականություն եւ ինքնուրույնություն քաղաքական համաձայնության մեջ: Այլ կերպ ասած՝ տողատակում ՀՅԴ-ն չի էլ թաքցնում մեսիջը, որ, ըստ էության, գործադիրի, կառավարության դեմ դե ֆակտո անհնազանդությունը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական համաձայնության շրջանակում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում