Հայաստանը և Եվրոպական Միությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հանձնառություն են ստանձնել 2015թ. Ռիգայի գագաթնաժողովում: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ դրույթին:
«2015թ. Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ տրվեց հստակ ձևակերպում, որ Եվրոպական Միությունը Հայաստանի հետ պետք է սկսի վիզաների ազատականացման մասին երկխոսություն սկսելու գործընթաց, որը իրենից ներկայացնում է գործողության ծրագիր: Գործողության ծրագիրը պետք է բանակցվի անդամ պետությունների հետ: Այն բարեփոխումներ պարունակող փաթեթ է լինելու, որի մեջ կարող են ներառվել օրենսդրական որոշ նախաձեռնություններ, որ Հայաստանը պետք է իրականացնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:
Նա հավելեց, որ արտաքին գործերի նախարարությունը, անձամբ նախարարը և պետական մյուս այրերը տարբեր առիթներով հիշեցնում են եվրոպական կողմին, որ ունենք ստանձնած համատեղ հանձնառություն և շատ կարևոր է այդ հանձնառության իրականացումը: