Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ հանձնարարվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործարքների ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն: «Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման և ռիսկերի բաշխման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ Բացի այդ, ՊՄԳ կիրառումը հնարավորություն կտա նպաստել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վաչե Գաբրիելյանը: