Երջանկությունն ուղղակիորեն կախված է այն մարդկանցից, որոնց հետ դուք շփվում եք, հայտարարել է ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգի Հյուսիսարեւմտյան համալսարանի նեյրոկենսաբան Մորան Սերֆը: Այդ մասին նա պատմել է Business Insider պորտալին:
Ավելի քան 10 տարի ուսումնասիրելով որոշումներ ընդունելու մեխանիզմը՝ Մորան Սերֆը եկել է այն եզրակացության, որ երջանկության զգացողությունն ընդհանուր ոչինչ չունի մարդու նյութական վիճակի, անձնական փիլիսոփայության կամ փորձի հետ: Կյանքում ամենակարեւոր որոշումն ուղղակիորեն կապված է ձեր շրջապատի հետ:
Նեյրոկենսաբանի հայտարարությունը հիմնվում է երկու դրույթի վրա: Նախ՝ որոշումներ ընդունելու գործընթացը չափազանց հոգնեցուցիչ է մարդու համար: Գոյություն ունի մտավոր էներգիայի որոշակի պաշար, որը մենք կարող ենք ծախսել այս կամ այն գործողությունն ընտրելու վրա. որտեղ ուտել, ինչ երաժշտություն լսել, ինչ հագնել: Երկրորդ՝ մարդիկ սխալմամբ կարծում են, որ իրենց որոշումներով կարող են վերահսկել բավարարվածությունն այն ամենից, ինչը տեղի է ունենում իրենց շուրջը: Նրանք կարծում են, որ երջանկության կարելի է հասնել ճիշտ որոշումների օգնությամբ:
Իսկ իրականում մարդիկ այս կամ այն ընտրությունը կատարում են՝ կողմնորոշվելով դեպի իռացիոնալ սոցիալական դիրքորոշումներ, պնդում է նեյրոկենսաբանը: Մարդու որոշումները չափազանց հուզական են եւ կանխակալ: Ուստի «ճիշտ» ընտրություն կատարելը շատ դժվար է:
Դրա հետ մեկտեղ գիտնականը պարզել է, որ շրջապատի մարդիկ ազդում են իրականության հետ մեր փոխգործակցության վրա: Երկար ժամանակ միասին անցկացնող մարդկանց ուղեղների ալիքները սինխրոնիզացիայի են ենթարկվում: Նրանք սկսում են նույն մոտեցումները դրսեւորել եւ միանման մտածել:
Ուստի անհրաժեշտ է, որ մարդն իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, որոնց սկզբունքներին նա համամիտ է եւ որոնց հայացքներն իրեն մոտ են: Այդ դեպքում նա կկարողանա իրեն ավելի երջանիկ զգալ եւ ազատվել սթրեսից:
Այսպես, որտեղ եւ ինչ ուտելու մասին մտածելու փոխարեն, հարկավոր է պարզապես ընկեր ընտրել, որը կընտրի այն, ինչը ձեզ դուր կգա, եզրափակել է Սերֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: