ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ զինկոմից պահանջած թղթերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով: Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի»:
«Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։
Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- մասնավորապես գրել էր Փաշինյանը»։