ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից խաղալիքների շուկայում առողջության համար վտանգ ներկայացնող ապրանք չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշեց, որ խախտումներն այլ բնույթի են:
«Այս տարի շուկայում առողջության համար վտանգ ներկայացնող խաղալիք չենք հայտնաբերվել: Նախորդ տարի պատկերն այլ էր, հայտնաբերել էինք վտանգավոր խաղալիքներ, տնտեսավարողն էլ պատրաստակամություն էր հայտնել այդ խմբաքանակը ոչնչացնել: Այս տարի խախտումները կապված էին առանց սերտիֆիկատի ապրանք վաճառելու հետ»,-ասաց Լևոն Խալիկյանը: Նրա խոսքով, ուսումնասիրած ընկերությունների մոտ 70 տոկոսը սերտիֆիկատ չուներ: Ստուգումները շարունակվում են, հաջորդ տարի ևս այս ոլորտը կլինի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնուÕ! ´:
Լևոն Խալիկյանը նշեց, որ Ամանորին ընդառաջ շուկայում վաճառվող խաղալիքների ծավալն ավելանում է: Անհայտ ծագման ապրանքներից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ է տալիս գնել մասնագիտացված խանութներից: Խաղալիքներ գնելու դեպքում էլ պարտադիր պահանջել սերտիֆիկատ, որը հավաստում է տվյալ ապրանքի անվտանգ լինելը:
«Սպառողի ամենալավ պաշտպանը հենց սպառողն է: Անվտանգ ապրանք ձեռք բերելու միակ տարբերակը պահանջելն է: Մենք պետք է հասնենք նրան, որ սպառողի կողմից սերտիֆիկատ պահանջելը լինի մշակույթ»,-ասաց Լևոն Խալիկյանը:
Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը նաև ուշադրության կենտրոնում է պահում գազալցակայանների ոլորտում առկա խնդիրները: Տեսչական մարմնի կողմից առաջարկներ են ներկայացվել, որոնց համաձայն՝ չփորձարկված գազի բալոնները գազալցակայաններում չպետք է լիցքավորվեն: