Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am–ին:

Պարոն Գասպարյան, երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2012 թ. զեկույցը, որտեղ սուր քննադատական դիտարկումներ կան ոստիկանության ոլորտում մարդու իրավունքների վիճակին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Համամիտ եմ: Բայց զեկույցում նշված է, չէ՞, «մի շարք դեպքեր», «առանձին դեպքերում», «որոշ դեպքերում» եւ այլն: Այսինքն չի խոսվում համատարած թերությունների մասին: Ավելին, զեկուցեմ, որ դեռ էլի թերություններ կան, որոնք զեկույցում նշված չեն: Քի՛չ է նկատել: Մենք ավելի՛ն ենք տեսնում ու չենք վախենում դրա մասին խոսելուց: Ինչո՞ւ, չխոսելով թերությունները վերացա՞ն: Մեր երկրում բոլորն ամեն ինչ գիտեն: Պարզապես մենք տեսնում ու շտկում ենք, նորոգվում ենք, փոխվում ենք: Այնքան ժամանակ, մինչեւ լավը դառնա բնավորություն: Եվ այդ հարցում մեզ պիտի օգնեն նույն ՄԻՊ-ը, հասարակական կազմակերպությունները, դուք՝ լրագրողներդ, եւ ընդհանրապես հասարակությունը, բոլո՛րը: Համոզված ենք, որ շարունակելով այս ճանապարհը, մեր թերությունները մատնացույց անելով ու շտկելով, մոտ ապագայում ոստիկանը այլեւս ստիպված չի լինի ամեն անգամ ապացուցելու, որ ինքը, ասենք, կասմանավտ չի /ծիծաղում է/:

Իսկ այդ զեկույցում դրական գնահատականներ չկայի՞ն… Կային, չէ՞… Շնորհակալ ենք այդ դրականի համար:

Ի դեպ, այդ դրական գնահատականների թվում էր նաեւ, որ ոստիկանությունն ավելի հանդուրժող է դարձել հավաքների ու դրանց մասնակիցների նկատմամբ:, ինչն առավել ակնհայտ է այս հետընտրական օրերին: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ձեր՝ եվրոոստիկան ստեղծելու ջանքերն են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի արեւմտյան մարտավարությունը:

Պատասխանեմ շատ կարճ: Իմ կարծիքով, ոչ թե պետք է զարմանալ, թե ինչու այդպես է, այլ, թե՝ ինչու այդպես է՛ր: Սա՛ է այսօրվա ոստիկանությունը:

Իսկ այսօրվա ոստիկանությունը ինչպե՞ս է պատկերացնում հետընտրական ընդզվումների լուծումը: Սովորույթի համաձայն, ուժ կկիրառի՞ ցուցարարների նկատմամբ:

Ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում է օրենքի տառին հավատարիմ: Եվ միանշանակ է մեկ բան. ոստիկանությունն իր լիազորություններից ու օրենքից դուրս որեւէ քայլ չի անի:

Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ ոստիկանությունն այս տարի նշելու է իր 95-ամյակը, մինչդեռ անցած տարի 11-ամյակն էր: Կբացատրե՞ք տրամաբանությունը:

Խնդիրն այն է, որ մենք եղած անտրամաբանականը բերում ենք տրամաբանության: Խնդիրն այն է, որ ոստիկանույթունն սկսել է տրամաբանել /ծիծաղում է/: Տրամաբանական է, որ ոստիկանությունը հենց 95 տարեկան է: Տրամաբանական չէր այս իրավապահ կառույցի ծննդյան 10 կամ 11 տարին նշելը: Չի՛ կարող 95-ամյա հանրապետության հասակակիցը 10 կամ 11 տարեկան լինել: Ինչ վերաբերում է հայկական միլիցիայի իրավահաջորդ լինելուն, ապա ոստիկանությունը վերցնում է միլիցիայի բոլոր բարի ավանդույթները եւ ազատվում ձեւավորված կարծրատիպերից: Սա՛ է մեր ոստիկանությունը՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Մենք մեր կենսագրությունը մաքրում ենք վատից: Մենք չենք մոռանում անցյալը ու գիտենք՝ որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Իսկ «Ոստիկանության մասին» օրենքի ընդունման օրը տոն հռչակելը, իմ կարծիքով, ճիշտ չէ: Ստացվում է, որ ամեն անգամ օրենք ընդունելիս պիտի տո՞ն փոխենք: Կարծում եմ՝ հաշվարկը պետք է սկսել այն օրվանից, երբ Արամ Մանուկյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար: