Երեկ Գյումրի այցելած Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից մեր լրագրողը փորձել է ճշտել նոր մանրամասներ ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի քննությունից: Հանցագործությունը համարում եք բացահայտվա՞ծ, մեր լրագրողի այս հարցին ոստիկանապետը տվել է հետևյալ պատասխանը. «Պարույր Հայրիկյանի գործի հետ կապված կասեմ, որ բացահայտված է, պաշտոնապես հայտարարությունը եղել է, բացահայտված է շատ ճիշտ և պինդ»:
Գործով երկու հայազգի ներկայացուցիչներ են ձերբակալվել, այնինչ ինքը՝ Պարույր Հայրիկյանը, պնդում էր, որ իր վրա կրակողն այլազգի դիմագծեր ունեցող քաղաքացի է եղել, ի՞նչ է սա նշանակում. «Գիտեք, էքստրեմալ իրավիճակներում ընկալումները կարող են լինել ոչ ադեկվատ, իսկ մնացածը պաշտոնապես հայտարարություն եղել է, կարծում եմ մոտ օրերս նորից հայտարարություններ կլինեն, էնպես որ սպասենք քննիչի որոշումներին»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը: Այսինքն՝ ձերբակալվածները կասկածյալներ չե՞ն համարվում, և գտնում եք, որ նրա՞նք են կրակել նախագահի թեկնածուի վրա և համարվում են մեղադրյալնե՞ր, մեր լրագրողի այս հարցերին Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Այո՛»:
Հերմինե Մկրտչյան