Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի մուտքի դիմած հավաքված ուսանողներին, ովքեր դեմ են արտահայտվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, առաջարկում է ստեղծել 4-5 հոգանոց աշխատանքային խումբ և բարձրանալ իր աշխատասենյակ՝ քննարկումներ իրականացնելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ որքանով տեղյակ է' ուսանողները պատգամավորների հետ հանդիպում են պահանջում:
«Ես հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր սիրելի ուսանողների առաջարկը: Առաջարկում եմ նրանց ստեղծել 4-5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ և բարձրանալ իմ աշխատասենյակ՝ աշխատանքային ձևաչափով քննարկում անցկացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ինչ է պատրաստվում ասել ուսանողներին, Շարմազանովն ընդգծեց, որ այս պահին չգիտի, թե ինչ են ուզում ուսանողները, ուստի չի կարողանա այդ հարցին պատասխանել: Դիտարկմանը, թե նրանք ցանկանում են տարկետման իրավունքի վերականգնում, Շարմազանովն ասաց, որ տարկետման իրավունքը Հայաստանում չի վերացվել: «Տարկետման իրավունքը չի վերացվել: Մենք հստակեցրել ենք տարկետման իրավունքը, բայց այն պահպանվում է: Եվ մենք պատրաստ ենք լսել մեր ուսանողների մտահոգությունները ու տալ պարզաբանումներ»,- նշեց նա:
Շարմազանովը հայտնեց, որ քննարկմանը ներկա կլինեն նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: