Երևանի համայնքային բյուջեից յուրաքանչյուր տարի գումարներ են հատկացվում մանկապարտեզներում խմբակներն ավելացնելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում միշտ հերթեր են գոյանում: Նրա համոզմամբ' առաջիկա տարիներին այս խնդիրն իր լուծումը կստանա: «Մենք առաջնահերթություն ենք տալիս մասնավոր մանկապարտեզներին եւ քննար կման հրավիրում այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր ուզում են մասնավոր մանկապարտեզներ ունենալ: Մենք հարցը քննարկել ենք նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ, չափորոշիչներին համապատասխանելու դեպքում' կապահովենք մասնավոր մանկապարտեզների լիցենզավորումը»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Երեւան քաղաքում մանկապարտեզներն անվճար են: 2013 թվականին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն աճել է: Եթե 2012 թվականին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 29 հազար 800 էր, ապա 2013-ին նրանց թիվը հասել է 30 հազար 864-ի:
Մայրաքաղաքում նախադպրոցական կրթություն ստանալու համար իրենց հերթին սպասող 6 հազար երեխա կա: