Անհայտ օգտատերերի գրառումներին, վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանություններին վերաբերող նախագիծն ընդամենը դրվել է շրջանառության մեջ և մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկումը դեռ երկար ուղի ունի անցնելու: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը' առաջարկելով հատվածային քննարկումներով չշեղել նախագծի նպատակները եւ ներկայացնել առաջարկություններ' դրանք հանրային քննարկման անելու համար:

 

Ներկայացնում ենք պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ.

 

«Հարգելի ընկերներ, ինչպես արդեն գիտեք շրջանառության մեջ է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին: Որպես նախագծի համահեղինակ' այս օրերի քննարկումների արդյունքում ուզում եմ մի քանի փաստ արձանագրեմ և հանդես գամ առաջարկությամբ: Առաջին, այն գաղափարները, որոնք իրացված են նախագծում, հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների վրա: Սակայն, բոլորը չէ և միշտ չէ, որ գիտեն, թե ինչ է սահմանված այդ որոշումներում և կարող են կամ ցանկանում են նշված վեճերը լուծել դատական կարգով: Այս առումով նախագիծը փորձ է անում, ամփոփել դատական պրակտիկան և հստակ սահմանել խաղի կանոնները:

 

Երկրորդ, ամենայն անկեղծությամբ և վստահությամբ բոլոր գործընկերների անունից կարող եմ ասել, որ որևէ միտում չկա սահմանափակել պրոֆեսիոնալ լրագրողների խոսքի ազատությունը, հակառակը' նրանք իրենք են այս կարգավորմամբ շահագրգիռ, որովհետև պրոֆեսիոնալ լրագրությունն իր տեղը զիջում է անհայտ գրառումների դիտումներին:

 

Երրորդ, նախագիծն ընդամենը դրվել է շրջանառության մեջ և մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկումը դեռ երկար ուղի ունի անցնելու: Հիմնվելով թե գործընկերներիս և թե նաև ՏՏ ոլորտի մասնագետների առաջարկների վրա, խնդրում եմ և առաջարկում եմ հատվածային քննարկումներով չշեղել նախագծի նպատակները և բոլոր նրանց, ովքեր առաջարկներ ունեն նախագծի վերաբերյալ, ուղարկել այն ինձ կամ նախագծի համաեղինակներից որևէ մեկին: Այդ առաջարկները կհավաքվեն և այդուհետ հանրային քննարկման ժամանակ կբարձրաձայնվեն ու կքննարկվեն: Առաջիկա օրերին կլինի նաև իրազեկում այդ քննարկման օրվա, վայրի և ժամի մասին»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

 

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի կարծիքով էլ' նախաձեռնության նպատակն է կիրառելի դարձնել համապարտության կանոնը, ինչը նշանակում է, որ եթե որևէ մեկը որևէ մեկի հասցեին վիրավորական տեղեկություն է լսել, ապա այն չպետք է հրապարակի, քանի դեռ չի կատարել ողջամիտ ճշգրտումներ: «Տվյալ դեպքում հավասար պատասխանատվություն են կրում տեղեկատվության աղբյուրն ու այն վերահրապարակայնացնողը: Միաժամանակ հաճախ են դեպքերը (առավելապես համացանցում), երբ վիրավորողը կեղծ է, այսինքն նման մարդ չկա, ինչը նշանակում է, որ վիրավորված կամ զրպարտված մարդը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները: Տվյալ դեպքում կայքերը միջոց են հանդիսանում, որ խախտվի այլ անձի արժանապատվությունը: Սա նաև կպարտավորեցնի ԶԼՄ-ներին և մյուս կայքերի սեփականատերերին լինել ավելի ուշադիր և չթույլատրել անհայտ (կեղծ) մարդկանց կողմից իրավունքների ոտնահարում»,-նշել է Բաբայանը:

 

Օրենքի նախագծի համահեղինակներն են Դավիթ Հարությունյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը: