Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նպատակահարմար չի համարում, որպեսզի հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ ներառվեն նաև եզդիները:

 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկման ընթացքում Արզումանյանն ընդգծեց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության վերաբերյալ կան խոսուն փաստեր, սակայն նման փաստեր չկան եզդիների ցեղասպանության վերաբերյալ:

 

«Եզդիների ցեղասպանությունը վիճահարույց խնդիր է, և մենք հիմա եզդիական համայնքի հետ քննարկում ենք այդ հարցը, թե ինչպիսի ձևակերպումներ կարող ենք տալ: Դրա համար ես նպատակահարմար չեմ համարում տիկին Փոստանջյանի ներկայացրած նախագիծը: Ես կողմ եմ, որպեսզի մենք ընդունենք պարոն Շարմազանովի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է հույների և ասորիների ցեղասպանությանը, իսկ եզդիների ցեղասպանության հարցը կարող է առանձին քննարկման առարկա դառնալ»,- ընդգծեց Արզումանյանը:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իր նախաձեռնությամբ ներկայացված նախագիծը վերաբերում է միայն հույների և ասորիների ցեղասպանությանը, քանի որ եզդիների ցեղասպանության վերաբերյալ պատմական հստակ փաստեր չկան: «Մենք հարգում ենք մեր բարեկամ եզդի ժողովրդին և մշտապես կիսում ենք նրանց ցավը: Եզդիները մեր բարեկամներն են, և մենք ոչ մի դեպքում չենք կարող նրանց դեմ հայտարարություն ընդունել: Այս պահին մենք եզդիների ցեղասպանության վերաբերյալ հստակ պատմական փաստեր չունենք: Եթե եզդիների նկատմամբ եղել է ցեղասպանություն, մենք դա կարող ենք առանձին քննարկման առարկա դարձնել»,- ասաց Շարմազանովը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս նշեց, որ նպատակահարմար չի համարում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ ներառել եզդիներին: Թորոսյանն էլ ընդգծեց, որ եզդիները հայ ժողովրդի բարեկամներն են, և նրանց խնդիրները մշտապես Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: «Սակայն այս պահին մենք չենք կարող հայտարարության մեջ ներառել եզդիների ցեղասպանությունը, քանի որ այդ մասին մենք հստակ փաստեր չունենք»,- նկատեց պատգամավորը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից, ինչը կարող է առանձին քննարկման առարկա դառնալ: «Եզդի ժողովրդի նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ցեղասպանության մասին խոսում են նաև ցեղասպանագետները և պատմաբանները: Մենք սա կարող ենք առանձին քննարկման առարկա դարձնել: Սակայն Առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո Օսմանյան կայսրությունում եզդիների նկա տմամբ իրականացված ցեղասպանությունը ես ոչ կարող եմ հերքել, ոչ էլ հաստատել, քանի որ չունեմ պատմական փաստեր: Ես՝ որպես պատմաբան, նպատակահարմար չեմ համարում ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ եզդիներին ներառելը»,- եզրափակեց Ֆարմանյանը:

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողոիվ նախագահ Արտակ Զաքարյանն էլ չբացառեց, որ գուցե հետագայում ՀՀ ԱԺ-ն անդրադառնա եզդիների ցեղասպանությանը, երբ դրա համար կլինեն անհրաժեշտ պատմական հիմքեր: «Մենք այսօր, ցավոք, չենք կարող հիմնավոր ասել, որ Օսմանյան կայսությունում եզդիների ցեղասպանության համար կան պատմական հիմքեր: Այս հարցը պետք է քննարկվի պատմաբանների հետ, նոր միայն Ազգային ժողովը կանդրադառնա դրան»,- ասաց Զաքարյանը: