«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։
«Կարծում ենք` հիմա սա լավագույն տարբերակն է», - ասաց Դավիթ Պետրոսյանը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր և ուսանողների հանդիպմանը միացել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որի ընթացքում էլ կայացվել է կլոր սեղան անցկացնելու որոշումը:
Շարմազանովը հայտարարեց. «Տղաներն առաջարկում են կլոր սեղան, մենք պատրաստ ենք իրականացնել կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը՝ և՛ մեր տղաների կողմից առաջարկված գիտնականները, և՛ դասախոսները ներկա են լինելու։ Քննարկելու ենք կրթության հանձնաժողովում, կլինեն կլոր սեղան լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե՛ տարկետման խնդիրը, թե՛ ուսանողության խնդիրները, թե՛ կրթության խնդիրը, բազում խնդիրներ։ Այդ ամենը լինելու է հրապարակային։ Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քաղաքացու և ուսանողի ձայնը, մնացածն ինչ ընթացքով կգնա՝ ամսի 22-ին կերևա», - ասաց Շարմազանովը։