Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել զենքի մատակարարումները Ուկրաինային և խրախուսում է դա անել նաև ԵՄ երկրներին, գրում է Gazeta-ն։

«Մենք նշում ենք Միացյալ Նահանգների շարունակական գիծը՝ ավելացնելու զենքի մատակարարումը Ուկրաինային և համոզելու իր խնամակալներին Եվրոպայում ավելացնել նմանատիպ մատակարարումները», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է, որ նման գործողությունները «զգալի բեռ են դնում» եվրոպական երկրների տնտեսության վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի համար զինամթերքի արտադրության ավելացման հարցը, քանի որ Կիևը դժգոհում է դրանց պակասից, ինչպես նաև արկերի արտադրության մի մասը Գերմանիայից ԱՄՆ տեղափոխելու համար։

Փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինային հինգերորդ սերնդի կործանիչներ մատակարարելու հարցը։