ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ որեւէ խնդիր չկա: Նախարարն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ հարցի հետ կապված բոլոր հրապարակումները, մասնավորապես, այն, որ վարչապետը եւ նախարարը չեն հաղորդակցվում, հիմարություն են եւ չեն համապատասխանում իրականությանը:
«Վարչապետի հետ սովորական նախարար-վարչապետ հարաբերությունների մեջ ենք: Հրապարակողներից պետք է հարցնել, թե ինչո՞ւ են նման բաներ հրապարակում»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանի հավաստմամբ, նա՝ որպես ոլորտի պատասխանատու, ունի իր պարտականությունների շրջանակը, իսկ վարչապետը՝ որպես Կառավարության ղեկավար` նախարարների աշխատանքը համակարգելու եւ հստակ հանձնարարականներ տալու սահմանադրական լիազորություններ: Նախարարը նշեց, որ իր կարծիքով՝ այդ հրապարակումները պատվիրված են:
«Դրա փոխարեն թող օգնեն մեզ շրջակա միջավայրն ավելի բարելավենք: Կոալիցիոն հուշագրով էլ մենք ունենք կոնկրետ նպատակադրում՝ կապված շրջակա միջավայրի հետ, որտեղ առհասարակ վերափոխումներ են այդ նպատակին գնալու կոնկրետ գործողություններով ու միջոցառումներով: Այդ ընթացքում բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր կարող են դժգոհել, չհամաձայնել, առավել եւս նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձել են սնվել ապօրինի ծառահատումներով, բնական ռեսուրսները չարաշահելով: Ես կհորդորեմ նրանց, ովքեր իսկապես Հայաստանն ուզում են իրավական պետություն տեսնել, օգնել մեզ այս հարցում»,- եզրափակեց Բնապահպանության նախարարը: