PR ողջ գործիքակազմի ճիշտ օգտագործման դեպքում ԵԱՏՄ անդամ երկրների բնակչությունն ավելի իրազեկ կլինի միության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով մեդիաֆորումին նման տեսակետ հայտնեց «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյանը:
«Աքսիոմա է, որ յուրաքանչյուր նախագիծ պետք է գործի դրվի նախապես մշակված PR ծրագրի աջակցությամբ: Եվրասիական Տնտեսական Միության ձևավորման ծրագիրը մշակվել և ներդրվել է' հաշվի չառնելով PR-ի հնարավոր բոլոր գործիքները, ինչը բարդացրել է մեր աշխատանքը»,-ասաց Կուրդիյանը:
Նրա խոսքով՝ խնդրի շտկման դեպքում հասարակությունն ավելի իրազեկ կլինի: ԵՄ-ի փորձն այս առումով հաջողված է: Եվրամիության երկրների բնակչությունն ամբողջապես գիտի, թե ինչպես է համակարգն աշխատում:
«Մենք՝ ԵԱՏՄ անդամ երկրների լրագրողներս, պետք է ապահովենք ճիշտ և լավ զարգացում»,-նշեց Կուրդիյանը: