Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները բացառում են ցիանիդ պարունակող ջրի արտահոսք շրջակա միջավայր: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, լրագրողներին ներկայացնելով հանքավայրի ընթացիկ շինարարական աշխատանքներն ու ոսկու կորզման կույտային տարրալվացման տեխնոլոգիան, վստահեցրեց, որ ջրի կառավարմանը մեծ ուշադրություն է հատկացվել հանքավայրի նախագծման առաջին իսկ պահից:
«Այս տեխնոլոգիան առաջինն օգտագործվել է ԱՄՆ Նևադա նահանգում 30 տարի առաջ, այն ոսկու կորզման վերջին տեխնոլոգիան է, որը բնապահպանական առումով ամենաանվտանգն է: Կույտային տարրալվացման հարթակը և ջրավազանները ծածկվելու և մեկուսացվելու են, ջրերը մակերեսի հետ կոնտակտ չեն ունենալու»,-ասաց Հայկ Ալոյանը:
Ընկերության գործադիր տնօրենը նկատեց, որ այս տեխնոլոգիան պոչամբար չի նախատեսում, որի շնորհիվ նաև հեշտությամբ կկատարվի ռեկուլտիվացիա` հետագայում չունենալ ջրով լի ավազաններ, այլ կանաչապատ բլուր: Ինչ վերաբերում է արտադրական պրոցեսի ընթացքում զատվող փոշուն, ապա Հայկ Ալոյանի խոսքով` իրենց կողմից ձեռքբերված ջրցան մեքենաներն անընդհատ գործելու են` կառավարելով և չեզոքացնելով հանքի փոշին:
«Լիդիան Արմենիա»-ի արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանը նկարագրեց ոսկու ստացման ողջ արտադրական գործընթացը. բացահանքերից հանքաքարը դուրս է բերվելու, անցնելու է առաջնային և երկրորդային ջարդիչների միջով, այնուհետև 19 մմ չափով ջարդված հանքաքարը 5.3 կմ փոխադրիչով տեղափոխվելու է կույտային տարրալվացման հարթակ, որտեղ մշակվելու է ցիանիդային լուծույթով, որից հետո գործարանային հատվածում կորզվելու է ոսկին:
«Մնացորդային ջուրը հետ է վերադառնալու արտադրական գործընթաց և օգտագործվելու է տեխնիկական նպատակներով: Ամբողջ գործընթացի ժամանակ որևէ կաթիլ ջուր բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Շրջանառու ցիկլով միշտ օգտագործելու ենք այդ ջուրը 10-15 տարի, որքան մեր հանքը կշահագործենք: Դրանից հետո ջուրը ոչ թե ցիանիդով, այլ ջրով է հարստացվելու այնքան ժամանակ, մինչև ստանանք ամբողջությամբ մաքուր ջուր, որը պիտանի կլինի անգամ խմելու համար: Դրանից հետո նոր բաց ենք թողնելու շրջակա միջավայր»,-նշեց ընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` տարրալվացման հարթակի տակ կառուցվելու է մեկուսացման շերտ, որպեսզի ցիանիդ պարունակող ջուրը չներթափանցի հողի ավելի խորը գրունտներ:
Ջրի կառավարման համակարգի բաղկացուցիչ է նաև հավելյալ ջրավազանը, որը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կլինեն անկանխատեսելի տեղումներ, ձյուն, չնախատեսված վարարումներ: «Ջրավազանը ամբարելու է բոլոր տեղումները` բացառելով որևէ կաթիլ ջրի արտահոսքը շրջակա միջավայր»,-վստահեցրեց Էդգար Զաքարյանը:
2016-ի վերջին մեկնարկած հանքի շինարարությունը կավարտվի 2018-ին և տարվա երկրորդ կեսին կարտադրվի առաջին ոսկին: Վերջնական արտադրանքը կլինի ոսկու և արծաթի համաձուլվածք, որից 80 տոկոսից ավելին ոսկի կլինի: Հանքավայրի հզորությունը նախատեսվում է տարեկան 10 միլիոն տոննա, արտադրվելու է 210 հազար ունցիա ոսկի: Ամբողջ արտադրանքն արտահանվելու է, այսօրվա գներով մոտ 250 միլիոն դոլարի: Հանքավայրի գործունեության արդյունքում նախատեսվում է Հայաստանի բյուջե տարեկան ապահովել 40-50 միլիոն դոլարի հարկային մուտքեր: Արտադրանքը հիմնականում կարտահանվի եվրոպական և ամերիկյան երկրներ:
Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290 Ջերմուկի, 44 Գորայքի, 114 Գնդեվազի և 25 Սարավանի բնակիչներ: Աշխատաշուկայում առաջացած մեծ պահանջարկը բավականին լուրջ ակտիվություն է ստեղծել Ամուլսարի ազդակիր համայնքներում՝ արդեն իսկ ի ցույց դնելով հանքարդյունաբերության տնտեսական մուլտիպլիկատիվ էֆֆեկտը։ Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտականաշխատատեղ՝հանքի շահագործման 10 տարվա ընթացքում: Ամեն ուղղակի աշխատատեղին նախատեսված է 4-5 անուղղակի աշխատատեղ: