Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզի Արդվիի գյուղապետի ու ավագանու լիազորությունները լուծարվեցին, քանի որ միավորում տեղի ունեցավ Օձունի հետ: Եվ այժմ այնտեղ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Ինչպես գիտենք, հենց Արդվիի ավագանին էր, որ այս տարվա օգոստոսի 3-ին, կարելի է ասել՝ հեղափոխական որոշում ընդունեց՝ մերժելով «Միռամ» ընկերության՝ համայնքի տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հայտը։ Եվ հիմա լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նոր ավագանին նոր որոշում կկայացնի, որը ամբողջությամբ կհամապատասխանի «Միռամ»-ի շահերին:Ավելի վաղ Արդվի համայնքի բնակիչները հայտարարել էին, որ դեմ են համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվում գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը:
«Հետք» էլեկտրոնային պարբերականն ավելի վաղ պարզել էր, որ «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34%-ը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերն են վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանը և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: Այժմ, երբ տեղի է ունեցել համայնքների միավորում, «Միռամ»-ը երկրորդ շանսն է ստանում: Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես են իշխանությունները կամ իշխանության առանձին ներկայացուցիչներ փորձելու համայնքների խոշորացումը ծառայեցնել սեփական՝ որպես կանոն՝ բիզնես նպատակների իրականացմանը, հարմարեցնել իրենց շահերին: Հնարավոր է, որ «Միռամ»-ը հրաժարվի Արդվիից և հանքը կառուցի դրան կից Մարցում, սակայն ոսկու տենդից հրաժարվել՝ այս ընկերությունը, ըստ ամենայնի, չի պատրաստվում:
Ստելլա Խաչատրյան