ԵՊՀ-ի լրատվական ծառայությունից ԼՈւՐԵՐ.com-ին հայտնում են, որ այս ԲՈՒՀ-ում սովորող բոլոր այն ուսանողներն, ովքեր մասնակցել են Ապրիլյան քառօրյա պատերազմին, օրենքով նախատեսված կարգով ստացել են ուսման վարձի համար նախատեսված 50 տոկոս զեղչը. «Հելսինկյան գրասենյակը ապատեղեկատվություն է հրապարակել, որովհետև ԵՊՀ-ում չկա գեթ մեկ ուսանող, ով մասնակցել է Ապրիլյան պատերազմին, նրա զինվորական գրքույկի մեջ այդ մասին նշում կա արված և չի օգտվել ուսման վարձի համար նախատեսված 50 տոկոս զեղչից: Կոնկրետ այն ուսանողը, որի մասին հրապարակում է կատարել գրասենյակը, Ապրիլյան քառօրյայի մասնակից չի եղել»,-ասաց լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ հրապարակման մեջ մատնանշված ուսանողը եղել է ոչ թե Ապրիլյան պատերազմի մասնակից, այլ նրա զինգրքույկում նշված է, որ տղան մարտական հերթապահություն է իրականացրել, հետևաբար, ըստ օրենքով նախատեսված կարգի, օգտվել է ուսման վարձի 30 տոկոս զեղչից. «Այդ տղան արդեն օգտվել է իրեն հասանելի վարձի 30 տոկոս զեղչից և երբ նախարարությունից մեզ եկավ գրավոր նամակ տղայի գործին անդրադառնալու, արդեն իսկ հարցը լուծված էր»,-ասաց նա՝ նշելով, որ զեղչերի տրամադրման համար կա հատուկ ընթացակարգ, որը ժամանակատար է, հետևաբար, Հելսինկյան գրասենյակը պետք էր նախ ԵՊՀ-ից ճշտեր, ոչ թե հանրությանը նման ապատեղեկատվություն մատուցեր:
Հիշեցնենք, որ այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել Ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրն այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ-ի Վանաձորի գրասենյակ, որ Ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում»:
Աղավնի Սուքիասյան