Քաղաքագետ Խաչիկ Գալստյանի բնորոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի այցը ընդգծված հավասար հեռավորության վրա էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, ինչը քաղաքական առումով գուցե արդարացված էր. «Սակայն հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, կարծում եմ, որ այդ դաշնակցային հարաբերությունները պետք է շեշտվեր»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Վերջինս նշում է, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը քար գցեց հակամարտության շուտափույթ կարգավորման լավատեսության վրա՝ նշելով, որ խնդիրը ցավոտ է: «Այսօր կարգավորման սեղանին դրված են բոլոր փաստաթղթերը, որոնք փաթեթային բովանդակություն ունեն և միջնորդները որևէ կողմին թույլ չեն տալու փաթեթից դուրս հանել ինչ-որ բաղադրիչ: Դա որոշակի ուղերձ էր Ադրբեջանին, որը միշտ փորձել է առանձնացնել կարգավորման առանձին բաղադրիչ»,-ասաց Խաչիկ Գալստյանը:
Խաչիկ Գալստյանին զարմացրել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով կոշտ քննադատություն հնչեցրեց Ադրբեջանի հասցեին՝ չնայած կային հարցեր, որոնց մասին չխոսվեց. «Այս օրերին չհնչեց Արցախի ձայնը, սակայն ցանկալի կլիներ հենց Հայաստանում, երբ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակին նվիրված բացվում էր ցուցահանդեսը Պատկերասրահում, օրինակ` «Մարիոթ» հյուրանոցում՝ ընդլայնված մամուլի ասուլիսով հանդես գար Արցախի նախագահ Բակո Սահակյանը»,-ասաց նա:
Վերջում Գալստյանն անդրադարձավ նաև ՀՀ Պն Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ազգ-բանակ» կոնցեպցիային՝ նշելով, որ ինքն «Ազգ-բանակ»-ի փոխարեն կօգտագործեր «Ազգ-մահապարտ» կոնցեպցիան, որի դեպքում ոչ մի թիզ հող չէին կարող մեզնից խլել: