«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս Ղազախստանի Ակտոբե քաղաքում բացվել է Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Բացման արարողությունը բազմամարդ է եղել, մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ գործիչներ, նաեւ՝ գործարար շրջանակներից: ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի համայնքային գործիչ եւ գործարար Հայկ Տերտերյանը՝ վարչապետ Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրը:
Մ. Տերտերյանը, ով Ակտոբեում գործող «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենն է, Ֆեյսբուքում կիսառուսերեն-կիսահայերեն շնորհավորանք է հղել հորը․ «Отец, гордимся тобой и любим! Բարով ծառայես մեր Երկրին!»:
Հյուպատոսությունը, նկատենք, զուտ ներկայացուցչական մարմին է (իրավասու չէ փաստաթղթեր ստորագրել, կնքել եւ այլն), համագործակցելու է Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ:
Նշենք, որ Ակտյուբինսկի մարզում շուրջ 3 հազար հայ է ապրում, Ղազախստանում (նաեւ՝ Ղրղզստանի Հանրապետությունում եւ Աֆղանստանի ԻՀ-ում) ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ ԱԺ նախկին փոխնախագահ (1995-98 թթ.) Արա Սահակյանն է:
Ղազախստանում հայտնի գործարար է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Դավիթ Վարագյանը, ով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է (Վարագյան եղբայրներից մյուսն էլ՝ Խաչատուրը, Շիրակի մարզպետի տեղակալն է):
Մենք հայտնել էինք, որ առաջիկայում Մեղրիում խաղատան ու հյուրանոցային համալիրի կառուցմամբ հետաքրքրված են ինչպես ռուս, այնպես էլ ղազախստանցի գործարարները եւ ծրագիրն իրագործվելու պարագայում այստեղ բազմամիլիոնանոց ներդրումներ են նախատեսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում