«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է «Բերքառատ Արցախ» խորագրով 20-րդ հեռուստամարաթոնի տասը խոշոր նվիրատուների ցանկը: Շարքը գլխավորում է անանուն բարերարն ԱՄՆ-ից` 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է` 2 միլիոն 250 հազար դոլար նվիրատվությամբ:
 
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը 350 հազար դոլար է փոխանցել հիմնադրամի այս տարվա ծրագրերի իրագործմանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիքը`125 հազար դոլար, «Արցախ» հայրենակցական միության նախագահ, գործարար Վարուժան Գրիգորյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը, ԱՄՆ-ից անանուն բարերարը, Բաղդասարյանների ընտանիքը, իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանը, «Վալեքս Գրուպ»-ը` 100 հազարական դոլար: Վահե Կարապետյանը նվիրաբերել է 60 հազար դոլար, Ժան Մարի Ատամիանը և Ալբերտ Բոյաջյանը 50 հազարական դոլար:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքվել է 12 մլն 505 հազար 456 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը առաջին փուլով Ասկերանի շրջանում և Շուշիում: Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքիների համար առանձնատների կառուցմանը։
 
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 հազար նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 հազար ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: