«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները՝ Լենինգրադյան փողոցը արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ վերանվանելու ցանկություն վաղուց ունեին: Սակայն տևական ժամանակ է հարցը քաղաքապետարանն անտեսում է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը:
«Մենք նախորդ տարվանից հավաքել էինք գրեթե 9000 ստորագրություն, որը համապատասխանում է օրենքի տարրերին, ինչպես նաև հիմնավորումներ ենք ներկայացրել և հանձնել քաղաքապետարան:
Ըստ օրենքի 4 ամսվա ընթացքում հարցը պետք է դնեին քննարկման, բայց այն անտեսվեց ամենատարբեր պատճառաբանություններով, որոնք ոչ մի հիմնավորումներ չունեն: Թեև մեզ ասում էին՝ Լենինգրադյան փողոցի բնակիչները համաձայն չեն, սակայն վերջիններս ևս ստորագրել են մեր նախաձեռնության տակ և որևէ պատճառաբանություն չկա մեր առաջարկը չընդունելու: Անցան ամիսներ, ընտրություններից հետո նույն առաջարկով հանդես եկավ «Ելք» խմբակցությունը»,- ասաց նախաձեռնության անդամը:
Նրա խոսքով՝ վերջերս տեղեկացել են, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու առաջիկա նիստում, ՀՀԿ խմբակցության առաջարկով, օրակարգում ներառվել է Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցների անվանակոչման հարցը: Ըստ ՀՀԿ խմբակցության առաջարկի՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան պիտի անվանակոչվի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, որը հանդիսանում է չորրոդային կարևորության փողոց. «Այս մոտեցումն անընդունելի է մեր նախաձեռնության կողմից: Մենք կտրականապես մերժում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ, նույնիսկ երկրորդային փողոցի անվանակոչումը: Սա համարում ենք «պծիչկա» դնելու մոտեցում և հասարակական պահանջը վիժեցնելու քաղաքականություն: Մենք նույնիսկ մեր առաջարկն ենք հետ վերցնում՝ հարցը թողնելով այն իշխանություններին, ովքեր լուրջ կվերաբերեն դրան», - ասաց նա:
Զաքարյանը նշեց` ՀՀԿ-ն շարունակում է շարժվել իր որդեգրած քաղաքականությամբ և փաստորեն անտեսել է նաև ստորագրությունները. «ՀՀԿ-ն այս հարցն էլ տարավ փակուղի և լուծում է սեփական ձևով ուղղակի ցույց տալու համար, որ ինչ-որ բան է անում: Սա պարզապես խայտառակություն, ամոթ է և ավելի լավ կլինի ազգի հերոսի անունով ընդհանրապես փողոց չլինի, քան նման փողոցը անվանակոչվի նրա անունով: Հերթական անգամ ապացուցվում է ՀՀԿ-ի մոտեցումը ժողովրդական պահանջներին, ինչպես մյուս դեպքերում այս անգամ ևս` փորձում են լավ երևալով շրջանցել հարցը», - նշեց նա` ավելացնելով, որ իրենց համար արդեն զարմանալի չէ ՀՀԿ-ի վերաբերմունքը:
Սոնա Հարությունյան