Արագածոտնի մարզում նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. երեկոյան Ոստիկանության Թալինի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական սենյակում 25-ամյա Վարդան Հ.-ն, ով կալանավորվել է սպանություն կատարելու կասկածանքով, իր փաստաբանի եւ քննիչի ներկայությամբ քննչական գործողություններ կատարելիս հարվածել է քննչական սենյակի դռան ապակուն, իսկ հետո պատուհանի ապակուն, կոտրել դրանք:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դրա հետեւանքով Վարդան Հ.-ն ստացել է «աջ ձեռքի մատների քերծված վերքեր» վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ սպանության գործով պետք է Վարդան Հ.-ին նոր մեղադրանք առաջադրվեր: Ավելի վաղ նշվել էր, որ 25-ամյա Վարդան Հ.-ն կասկածվում է 20-ամյա Կառլեն Գ.-ի՝ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մեջ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքերով դանակ, ինչպես նաեւ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ Դատաբժիշկը հայտնել էր, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վարդան Հ.-ն դին դուրս էր շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված էր հասցրել իր զոհին։