Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Ռուսաստանի Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 3 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Ռուսական լրատվամիջոցները նշում են, դեպքը տեղի է ունեցել Արմավիրի «Աստորիա» ռեստորանում:
Այսօր արդեն հայտնի են դարձել աղմկոտ հանցագործության մանրամասները, որից զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը, հայտնում է «Վեստի»–ն։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ չորրորդը դիմել էր փախուստի։ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը եւ նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։
Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարեւը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից է սկսվել հրաձգությունը։
«Երկու հարբած, իրականության զգացումը կորցրած մարդիկ սկսեցին կրակել իրար վրա։ Դրան ի պատասխան՝ նրանցից մեկի ընկերը կրակ է բացել եւ սպանել հարձակվողին եւ մեկ այլ մարդու։ Մենք չգիտենք, թե դրա պատճառն ինչ է։ Նորմալ նստած էին։ Ոչ մի աղմուկ չէին հանում»,– հավելել է Չեբոտարեւը։