Հայաստանի համար առաջնային նպատակ է արտահանման ոլորտում մրցունակության բարձրացումը, կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը, բիզնես միջավայրի բարելավումը, տարբեր ուժային կենտրոնների հետ սերտ համագործակցության համադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանը դուրս բերելու «Ելք» դաշինքի նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: «Հայաստանի հիմնական նպատակը պատրաստի արտադրանքն արտահանելն է, եւ ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունը 30 տոկոսի հասցնելն է, այլապես զարգացում չի լինի: Դրա հետ մեկտեղ, եթե մենք ունենք էժան էներգակիրներ և ցածր մաքսատուրքեր, դա լրացնում է մեր հիմնական նպատակը: Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է տնտեսական աճի ապահովումը, դրամավարկային քաղաքականության կոորդինացումը, բիզնեսի խթանումը, կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական Միության, Եվրամիության, Չինաստանի, Իրանի, ինչու ոչ, նաև արաբական երկրների հետ սերտ համագործակցության համադրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պարզաբանեց Թավադյանը:

Նա կոչ արեց բոլոր խնդիրները չկապել նրա հետ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, քանի որ տնտեսական ցուցանիշները բազմագործոն են: «Վրաստանում մեկ ամսվա ընթացքում լարին 7.5 տոկոսով ընկավ. Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՆԱ-ն միանգամից մեկ ամսում շուրջ 8 տոկոսով իջավ, եւ դա այն պատճառով, որ նա ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրեց: Իհարկե, ոչ: 2008-2009 թվականին Մերձբալթյան երկրներում, հատկապես Լատվիայում, ՀՆԱ-ն երկու տարվա ընթացքում ընկավ ավելի քան 20 տոկոսով: Սա համաշխարհային ռեկորդ է այն դեպքում, երբ ԵՄ-ն ունեցավ ՀՆԱ-ի ընդամենը 4 տոկոս անկում: Ի՞նչ է սա նշանակում. Լատվիան դարձավ Եվրամիության անդամ, դրա համա՞ր ընկավ: Ոչ, տնտեսական աճը բազմագործոն ցուցանիշ է, դա պետք է հաշվի առնել: Վերադառնանք Հայաստանին: 2015 թվականին Հայաստանը արտահանում էր պղնձի խտանյութ, եւ պղնձի 1 տոննան միջազգային շուկայում 5800 դոլարից իջավ մինչև 4400 դոլար: Այստեղ Եվրասիական տնտեսական միությո՞ւնն է մեղավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը միջազգային պահուստներն են, որտեղ Հայաստանն ունեցավ անկում, որը տեղի ունեցավ ոչ թե ԵԱՏՄ անդամ լինելու, այլ առաջին հերթին ոչ արդյունավետ դրամավարկային քաղաքականություն վարելու պատճառով: «Եթե մենք շարունակենք դրամը եւ գնաճը պահել չափազանց կարծր պահուստների եւ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվին, ապա, իհարկե, դա բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի վրա, եւ ներդրումներ չենք ունենա»,-նշեց տնտեսագետը:

Աշոտ Թավադյանը կարևորում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ Հայաստանին գազ է մատակարարում բավականին մատչելի գնով: «Ռուսաստանը հիմա մեզ սահմանի վրա գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի համար 150 դոլարով, Թուրքիային մատակարարում է մոտավորապես 190 դոլարով, Վրաստանին առաջարկեց 185 դոլարով: Վրաստանը հրաժարվեց և Ադրբեջանից գազ է ձեռք բերում 142 դոլարով: Մենք ունե՞նք այդ հնարավորությունը, պարզ է, որ չունենք: Այժմ մեզ մոտ վերամշակող կազմակերպությունները, հատկապես գյուղատնտեսական կազմակերպությունները, գազը ստանում են 100 դոլարով, նախկին 150 դոլարի փոխարեն, իսկ ապրանքի ինքնարժեքի մեջ գազի գինը 1/3-րդն է կազմում: Հիմա ի՞նչ անենք, հրաժարվենք սրանից, բարձրացնե՞նք գազի գինն այս կազմակերպությունների համար, թանկացնե՞նք մեր ապրանքների գները, նվազեցնե՞նք մեր ապրանքների մրցունակությունն ու արտահանումը: Իհարկե, ոչ: Մենք պետք է հասկանանք, թե, Եվրասիական տնտեսական միությունը լքելու քաղաքական որոշում կայացնելով, ինչ ենք դրա դիմաց վճարելու»,- ընդգծեց տնտեսագետը: