Կենտրոնացված գնումների շնորհիվ սրտի ստենտավորման գումարը պետպատվերի շրջանակում 1 մլն 80 հազարից կդառնա 700 000 դրամ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ պետպատվերից դուրս՝ այն իր ազդեցությունը կունենա նաև շուկայական գների վրա:
«Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գումարի նվազեցումը հնարավոր է դառնում կենտրոնացված գնումների հաշվին: Ստենտը ներկայում ձեռք է բերվում 250-400 եվրոյով, շուտով մեզ հնարավորություն կընձեռվի նույն որակի ստենդը ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Ստենտները ձեռք կբերենք 3 մատակարարից, որոնք ներկայում մատակարարում են շուկայի մոտ 85-91 տոկոսին: Մարդիկ կարող են համոզված լինել, որ բոլոր ստենտները Հայաստանում ձեռք են բերվելու այդ նույն խոշորագույն երեք մատակարարներից»-ասաց Ալթունյանը:
Նախարարության հաշվարկներով՝ ստենտի ինքնարժեքը կազմում է մոտ 620 000 դրամ: Հաշվարկների փոքր-ինչ տատանումների հաշվին որոշվել է ստենտավորման գինը սահմանել 700 000 դրամ:
«Մենք նախատեսել ենք 5 տարվա ամորտիզացիա՝ ամեն ստենտավորումից կհատկացվի գումար, որը թույլ կտա, որ 5 տարին մեկ բուժհաստատությունը փոխի իր սարքավորումները: Սակայն դրա համար բուժհաստատությունը պետք է կատարի օրական 5 ստենտավորում, ինչն իրատեսական թիվ է»-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ բուժհաստատությունների ղեկավարնեըը և ստենտավորում իրականացնող բժիշկները կարող են մտավախություն չունենալ, թե իրենց եկամուտը կնվազի:
Խոսելով պետպատվերի շրջանակից դուրս սրտի ստենտավորման գնի հավանական փոփոխության մասին՝ նախարարն ասաց՝ նոր գինն իր ազդեցությունը կթողնի շուկայական գների վրա:
Նոր գնային համակարգի կիրառումը կախված է նրանից, թե որոշումն ինչքան ժամանակում կանցնի բոլոր պաշտոնական օղակներով: Նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին: